«Բարսելոնայի» և Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին պաշտպան Դանի Ալվեշն ու նրա կինը՝ իսպանացի մոդել Ժոանա Սանսը, վերջ են դրել իրենց ամուսնական հարաբերություններին։ Սանսն անձամբ է հաստատել, որ իրենք արդեն տևական ժամանակ է՝ միասին չեն ապրում, իսկ իսպանական մամուլի հաղորդմամբ՝ զույգն արդեն սկսել է ամուսնալուծության պաշտոնական գործընթացը։
Նոյեմբերի 13-ին Ժոանա Սանսը Instagram-ի իր էջի Stories բաժնում պատասխանել է հետևորդներից մեկի հարցին, թե արդյոք նա ամուսնու հետ մասնակցում է կրոնական արարողություններին։ Մոդելն անկեղծացել է՝ բացահայտելով բաժանման իրական պատճառը.
«Ես հավատացյալ չեմ, և որքան ավելի շատ եմ տեսնում նրա արածը, այնքան ավելի եմ հեռանում այդ ամենից։ Օգտվելով առիթից՝ ուզում եմ հստակեցնել, որ մենք արդեն որոշ ժամանակ է՝ բաժանված ենք, և հենց դա է պատճառը»։
Իսպանացի լրագրող Խավի Հոյոսը, որն անձամբ է զրուցել մոդելի հետ, նոր մանրամասներ է ներկայացրել զույգի հարաբերությունների ճգնաժամից։ Նրա խոսքով՝ 43-ամյա Ալվեշը վերջին շրջանում ամբողջությամբ նվիրվել է ավետարանական քրիստոնեությանը. նախկին ֆուտբոլիստը հանդես է գալիս որպես քարոզիչ, կրոնական թեմաներով դասախոսություններ կարդում և միջազգային շրջագայությունների մեկնում, ինչի հետևանքով երկար ժամանակով բացակայում է տնից։
«Մենք բոլորս տեսել ենք Դանի Ալվեշի՝ որպես քարոզչի տեսանյութերը։ Այժմ նա ամբողջ աշխարհով շրջագայում է՝ քարոզելով ավետարանական հավատքը։ Դա նրան հեռացրել է կնոջից ու դստերից, և Ժոանան իրեն միայնակ է զգում։ Նա հարգում է ամուսնու կրոնական համոզմունքները, դեմ չէ, որ վերջինս կարդա Աստվածաշունչ կամ հաճախի եկեղեցի, սակայն այդ մոլուցքն արդեն լրջորեն վնասում էր ընտանիքին»,- նշել է լրագրողը։
Հիշեցնենք, որ Դանի Ալվեշն ու Ժոանա Սանսը ծանոթացել են 2015 թվականին և ամուսնացել 2017-ին։ Զույգի հարաբերությունները լուրջ փորձության ենթարկվեցին 2023 թվականին, երբ բրազիլացին ձերբակալվեց Բարսելոնայում տեղի ունեցած սեռական բռնության գործով։ Թեև սկզբում մոդելը հայտարարել էր բաժանման մասին, հետագայում նրանք հաշտվեցին։ Ավելին՝ 2025 թվականի մարտին Կատալոնիայի բարձրագույն դատարանը բեկանեց նախկին դատավճիռն ու արդարացրեց Ալվեշին (դատախազությունը բողոքարկել է այդ որոշումը), իսկ նույն տարվա հոկտեմբերին լույս աշխարհ եկավ զույգի առաջնեկը՝ դուստր Խուլիետան։
Հավելենք, որ Դանի Ալվեշը, որն առաջին ամուսնությունից ևս երկու երեխա ունի, դեռևս հրապարակային մեկնաբանություն չի տվել ամուսնալուծության վերաբերյալ։



























































