Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիան (AFA) երկարաձգել է ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնիի պայմանագիրը։ Այս մասին հայտնել է ասոցիացիայի նախագահ Կլաուդիո Տապիան։
«Այսօր առանձնահատուկ օր է արգենտինական ֆուտբոլային ընտանիքի համար։ Հայտարարում ենք, որ Լիոնել Սկալոնին կշարունակի գլխավորել Արգենտինայի հավաքականի մարզչական շտաբը»,- Տապիայի խոսքերն է մեջբերում AFA-ի մամուլի ծառայությունը։
TyC Sports-ի տեղեկություններով՝ պայմանագիրը նախատեսված է մինչև 2030 թվականը և կնքվել է «2+2» ձևաչափով։ Առաջին երկամյա փուլը կգործի մինչև 2028 թվականին կայանալիք Ամերիկայի գավաթը։
Նշվում է, որ մայրցամաքային առաջնությունից հետո Սկալոնին կարող է հեռանալ, եթե զգա, որ այլևս ուժ կամ ցանկություն չունի շարունակելու աշխատանքը։ Ամերիկայի գավաթից հետո կսկսվի պայմանագրի երկրորդ երկամյա փուլը, որը կգործի մինչև 2030 թվականի Աշխարհի առաջնությունը։
Սկալոնիի նախորդ պայմանագրի ժամկետը լրանում էր 2026 թվականի դեկտեմբերին։
Մասնագետը Արգենտինայի հավաքականը գլխավորում է 2018 թվականից։ Նրա ղեկավարությամբ ազգային թիմը 2022 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն։




























































