Իտալիայի Ա Սերիայի 2026/2027 մրցաշրջանի 7-րդ տուրի շրջանակում «Միլանը» սեփական հարկի տակ՝ «Սան Սիրո» մարզադաշտում, ընդունեց «Ատալանտային»։ Գոլառատ և լարված պայքարում անցած հանդիպումը, որը սպասարկում էր գլխավոր մրցավար Դանիելե Կիֆին, ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 3:2 հաշվով։
«Ռոսոներիները» կարող էին հաշիվը բացել դեռ 13-րդ րոպեին, սակայն եզրային հարձակվող Քրիստիան Պուլիշիչի խփած գոլը չեղարկվեց խաղից դուրս վիճակի պատճառով։ Այնուամենայնիվ, 25-րդ րոպեին մրցակցի կողմից ձեռքով խաղի համար նշանակված 11-մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Գոնսալու Ռամուշը՝ առաջ մղելով միլանցիներին։ Առաջին խաղակեսի վերջնամասում՝ 43-րդ րոպեին, կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոն կրկնապատկեց տանտերերի առավելությունը։
Երկրորդ կեսի 57-րդ րոպեին հյուրերը կրկին սեփական տուգանային հրապարակում խաղացին ձեռքով, սակայն այս անգամ Գոնսալու Ռամուշը չկարողացավ անվրեպ իրացնել 11-մետրանոցը։ Չնայած պորտուգալացի հարձակվողի վրիպմանը՝ նույն րոպեին խաղարկված անկյունայինից հետո պաշտպան Մարիո Հիլան գլխի հարվածով հաշիվը դարձրեց 3:0։
Հանդիպման մնացած ժամանակահատվածում «Ատալանտան» փորձեց փրկել խաղը․ 66-րդ րոպեին կիսապաշտպան Ջանլուկա Գաետանոն կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 81-րդ րոպեին հարձակվող Նիկոլա Կրստովիչը հաշիվը դարձրեց 3:2, սակայն ավելին անել բերգամասկցիներին չհաջողվեց։
Այս հաղթանակից հետո «Միլանը» 7 տուրից հետո վաստակեց 15 միավոր և զբաղեցնում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը։ «Ատալանտան» 9 միավորով ընթանում է 10-րդ տեղում։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Մրցաշարային աղյուսակն այս պահին




























































