Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի ազգային հավաքականի նախկին ավագ Սերխիո Ռամոսը կարող է վերադառնալ Իսպանիայի առաջնություն։ «Խետաֆեի» նախագահ Անխել Տորեսը հաստատել է, որ ակումբը կապ է հաստատել 40-ամյա կենտրոնական պաշտպանի եղբոր և գործակալ Ռենե Ռամոսի հետ՝ քննարկելով ազատ գործակալի կարգավիճակում գտնվող ֆուտբոլիստի հնարավոր տեղափոխությունը։
Ավելի վաղ մադրիդյան ակումբն արդեն իրականացրել էր աղմկահարույց գործարք՝ մինչև 2027 թվականի ամառը պայմանագիր կնքելով «Ռեալի» մեկ այլ լեգենդար պաշտպանի՝ Դանի Կարվախալի հետ։ Վերջինս նախընտրել էր մնալ հարազատ քաղաքում՝ արտերկրում խոշոր պայմանագրի հետևից գնալու փոխարեն։ Ռամոսի տեղափոխության դեպքում «Կոլիսեում» մարզադաշտում կկայանա «արքայական» ակումբի նախկին ավագների վերամիավորումը, որոնք միասին բազմաթիվ տիտղոսներ են նվաճել Չեմպիոնների լիգայում։
Չնայած հնարավոր գործարքի շուրջ ստեղծված մեծ հնչեղությանը՝ Անխել Տորեսը Radio Nacional de España-ի և Sport-ի հետ զրույցում պարզաբանել է, որ այս պահին կենտրոնական պաշտպանի ձեռքբերումը թիմի սպորտային բաժնի գլխավոր առաջնահերթությունը չէ։ Գլխավոր մարզիչ Խոսե Բորդալասի տրամադրության տակ արդեն կա վեց կենտրոնական պաշտպան, ուստի մարզչական շտաբն առաջնահերթ է համարում եզրային հարձակվողների դիրքի ուժեղացումը։
«Դա կարող է տեղի ունենալ։ Մենք արդեն որոշ ժամանակ է՝ հետևում ենք այդ թեմային։ Սակայն դա մեր առաջնահերթությունը չէր․ գլխավոր նպատակը եզրային խաղացողներ ձեռք բերելն է։ Եթե ոչ հիմա, ապա գուցե հունվարին անդրադառնանք կենտրոնական պաշտպանի հարցին, բայց այս պահին այդ դիրքը մեզ մոտ լավ է համալրված»,— նշել է «Խետաֆեի» նախագահը՝ բաց թողնելով դռները աշխարհի չեմպիոնի հնարավոր տրանսֆերի համար, եթե կողմերը հասնեն համապատասխան պայմանավորվածության։




























































