Ֆրանսիայի առաջնության 7-րդ տուրի շրջանակում «Փարիզը» սեփական հարկի տակ գոլառատ և դրամատիկ պայքարում 4:3 հաշվով առավելության հասավ «Ռենի» նկատմամբ։ Հանդիպումն աչքի ընկավ արտասովոր սցենարով․ գլխավոր մրցավարը խաղի ընթացքում չորս անգամ ցույց տվեց 11-մետրանոցի նշակետը։
Հանդիպման հաշիվը 14-րդ րոպեին բացեց տանտերերի կիսապաշտպան Մաքսիմ Լոպեսը։ 29-րդ րոպեին հյուրերը վերականգնեցին հաշվի հավասարակշռությունը․ նշանակված 11-մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Էստեբան Լեպոլը։ Այնուամենայնիվ, մայրաքաղաքային թիմին հաջողվեց ընդմիջման գնալ հաղթողի կարգավիճակում․ առաջին խաղակեսի ավելացված 4-րդ րոպեին Լոպեսը դուբլ ձևակերպեց՝ հաշիվը դարձնելով 2:1։
Երկրորդ խաղակեսում թիմերն իսկական գոլային հրավառություն կազմակերպեցին։ 74-րդ րոպեին «Ռենը» կրկին 11-մետրանոցի իրավունք ստացավ, և Լեպոլը, կրկին անվրեպ գտնվելով նշակետից, խփեց իր երկրորդ գոլը (2:2)։ Հյուրերի ուրախությունը տևեց ընդամենը երկու րոպե․ 76-րդ րոպեին Լասին Սինայոկոն երրորդ անգամ առաջ մղեց «Փարիզին»։
Հանդիպման վերջնամասն էլ ավելի լարված ստացվեց։ Նախ «Ռենը» երրորդ անգամ 11-մետրանոց հարվածի իրավունք վաստակեց, որն իրացնելով՝ Էստեբան Լեպոլը յուրօրինակ հեթ-տրիկ ձևակերպեց և հաշիվը դարձրեց 3:3։ Սակայն եզրափակիչ սուլիչից անմիջապես առաջ մրցավարը նշանակեց հանդիպման չորրորդ 11-մետրանոցը՝ այս անգամ արդեն հյուրերի դարպասին։
Գնդակին մոտեցավ Լասին Սինայոկոն, որն իր երկրորդ գոլով վերջնական հաշիվ սահմանեց խաղում՝ 4:3 հաշվով դրամատիկ հաղթանակ պարգևելով փարիզցիներին։
Այս խաղից հետո Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակի առաջին քառյակն ունի 14-ական միավոր։ 5-րդ տեղում գտնվող «Ռենը» 13 միավոր ունի։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Մրցաշարային աղյուսակն այս պահին




























































