Կատալոնական «Բարսելոնան» պաշտպանության գծում կադրային լուրջ խնդիրների է բախվել մրցաշրջանի կարևորագույն հանդիպումներից առաջ։ Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի՝ «Բետիսի» դեմ հաղթական խաղում (5:2) վնասվածքներ են ստացել թիմի պաշտպաններ Էրիկ Գարսիան և Ժյուլ Կունդեն։ Այս մասին հայտնում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։
Բուժզննման արդյունքում Էրիկ Գարսիայի մոտ ախտորոշվել է աջ ազդրի ուղիղ մկանի վնասվածք։ Իսպանացի պաշտպանի վերականգնման համար կպահանջվի 3-ից 4 շաբաթ, ինչը նշանակում է, որ նա խաղադաշտ չի վերադառնա մինչև նոյեմբերին նախատեսված միջազգային դադարը։ «Բետիսի» դեմ խաղում 24-րդ համարի ներքո հանդես եկող ֆուտբոլիստը փոխարինման էր դուրս եկել երկրորդ խաղակեսում՝ փոխարինելով Ժերար Մարտինին։ Գարսիան հասցրել էր դառնալ գոլի հեղինակ՝ հաշիվը դարձնելով 4:2, սակայն հանդիպման ավարտից 10 րոպե առաջ ցավերի պատճառով ստիպված էր եղել լքել խաղադաշտը՝ թիմին թողնելով տասը հոգով։
Թիմի մեկնարկային կազմի պաշտպան Ժյուլ Կունդեն, որն անհանգստություն է զգացել եզրափակիչ սուլիչից հետո, ունի ձախ կոճի կապանների պրկում։ Ֆրանսիացի ֆուտբոլիստը հաստատ բաց կթողնի Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի 3-րդ տուրի՝ ՊՍԺ-ի դեմ հանդիպումը, որը կկայանա հոկտեմբերի 20-ին։
Կունդեի մասնակցությունը Լա Լիգայի 10-րդ տուրի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ հոկտեմբերի 25-ին կայանալիք «Էլ Կլասիկոյին» կախված կլինի նրա վերականգնման տեմպերից, մինչդեռ Էրիկ Գարսիան բաց կթողնի երկու սկզբունքային դիմակայություններն էլ։
























































