Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դավիդ Սիլվան նշել է այն խաղացողի անունը, ում, իր կարծիքով, պետք է շնորհվի 2026 թվականի «Ոսկե գնդակը»։
«Ես նախապատվությունը տալիս եմ թիմային հաջողություններին. առանց դրանց անհնար է հաղթել։ Եթե «Ոսկե գնդակը» ես հանձնեի, ապա այն կտայի Ֆաբիան Ռուիսին։ Վերջին շրջանում նա բոլորից շատ տիտղոսներ է նվաճել։ Ռուիսն առանցքային խաղացող է թե՛ ՊՍԺ-ում, թե՛ Իսպանիայի հավաքականում։ Նա հիանալի ֆուտբոլիստ է, ով, ցավոք, հաճախ դուրս է մնում ուշադրությունից»,- Սիլվայի խոսքն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» հանձնման հանդիսավոր արարողությունը կկայանա հոկտեմբերի 26-ին՝ Լոնդոնում։ Նախորդ տարի ֆուտբոլային այս հեղինակավոր անհատական մրցանակին արժանացել էր ֆրանսիացի Ուսման Դեմբելեն։
Հավելենք նաև, որ 40-ամյա Դավիդ Սիլվան օրերս որոշում է կայացրել վերսկսել պրոֆեսիոնալ կարիերան՝ կարճաժամկետ պայմանագիր կնքելով Հոնկոնգի Պրեմիեր լիգան ներկայացնող «Շա Տին» ակումբի հետ:

























































