«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան մեկնաբանել է Իսպանիայի կանանց առաջնությունում Մադրիդի «Ռեալի» նկատմամբ տարած ջախջախիչ հաղթանակը (7:0)։ Կատալոնական ակումբի ղեկավարն առանձնահատուկ ընդգծել է հանդիպման ռեկորդային հաճախելիությունը. Էլ Կլասիկոյին մարզադաշտից հետևել է 40 533 հանդիսական։
«Սա ցնցող հանդիպում էր և իսկական ֆուտբոլային տոն։ Մենք անկեղծորեն հպարտ ենք, որ մեզ հաջողվեց Իսպանիայի կանանց առաջնության հաճախելիության ռեկորդ սահմանել։ «Ռեալը» միշտ ուժեղ մրցակից է, սակայն մեր թիմը շարունակում է բարձր մրցունակություն դրսևորել։ Մրցակիցն արժանապատիվ խաղաց, բայց մենք անվրեպ գտնվեցինք գրոհների եզրափակիչ փուլում։
Մենք Եվրոպայի չեմպիոնն ենք։ Մեր ակտիվում են հաղթանակներն առաջնությունում, Գավաթում, Սուպերգավաթում և Չեմպիոնների լիգայում։ Մենք ճիշտ ուղու վրա ենք և մտադիր ենք պահպանել այս տեմպը։ Թերևս ամենաբարդն առաջատարի դիրքերը պահպանելն է, սակայն վերջին վեց մրցաշրջաններում Չեմպիոնների լիգայում տարած չորս հաղթանակն իսկապես անհավանական նվաճում է»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։
Նշենք, որ Իսպանիայի կանանց առաջնության մրցաշարային աղյուսակում «Բարսելոնան» 18 միավորով միանձնյա առաջատարն է։
























































