Պորտուգալիայի հավաքականի և «Ալ Նասրի» ավագ Կրիշտիանու Ռոնալդուն հավանել է մի տեսանյութ, որտեղ Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ֆելիպե Մելոն քննադատում է պորտուգալացի ֆուտբոլիստներին:
Sportv-ի եթերում բրազիլացին հայտարարել է, որ Պորտուգալիայի ազգային թիմի խաղացողների վերաբերմունքը Ռոնալդուի նկատմամբ խիստ տարբերվում է նրանից, թե ինչպես են արգենտինացիները վերաբերվում Լիոնել Մեսսիին։
«Հսկայական տարբերություն կա այն բանում, թե ինչպես են Պորտուգալիայի հավաքականում վերաբերվում Ռոնալդուին, և թե ինչպես են Արգենտինայի խաղացողները վերաբերվում Լիոնել Մեսսիին։
Ես շատ ավելի մեծ հարգանք եմ տեսնում մրցակիցների կողմից, երբ նրանք խաղում են Կրիշտիանուի դեմ։ Նույնիսկ Հոյլունդը շատ բարկացավ Ժորժե Ժեզուշի վրա, քանի որ Ռոնալդուն նրա կուռքն է։ Մրցակիցների կողմից հարգանքն ավելին է, քան բուն Պորտուգալիայի հավաքականի ներսում։
Սա սխալ է, քանի որ այնտեղ ոչ ոք չի հասնում Ռոնալդուի մակարդակին։ Չի կարելի թույլ տալ, որ նա հեռանա այսպես՝ կարծես ոչինչ չի եղել»,- Մելոյի խոսքերն է մեջբերում աղբյուրը:
Նշվում է, որ Sportv-ն Մելոյի հայտարարությամբ տեսանյութը հրապարակել է Instagram-ում, ինչն էլ արժանացել է Ռոնալդուի հավանությանը:

























































