Ֆրանսիացի հայտնի լրագրող Դանիել Ռիոլոն անդրադարձել է Պորտուգալիայի հավաքականում և նրա ավագ Կրիշտիանու Ռոնալդուի շուրջ ստեղծված աղմկահարույց իրավիճակին։
ՌMC Sport-ի եթերում Ռիոլոն կոշտ քննադատության է ենթարկել 41-ամյա հարձակվողին՝ նշելով, որ նրա պահվածքը հատել է բոլոր սահմանները.
«Նա այլ աշխարհում է ապրում։ Վերջին տարիներին ինձ թվում էր, թե նա խելագարվել է։ Բավական է միայն նայել նրա ինստագրամն ու տեսնել նրան… Ես նրան կդասեի տրանսհումանիստների շարքին՝ Իլոն Մասկի և նմանատիպ մարդկանց կողքին։ Նա այլ գալակտիկայում է, նա այլևս մեզ հետ չէ։
Միանգամայն ակնհայտ է, որ թիմակիցների համար արդեն չափազանց բարդ է նրա հետ շփվելը. նա այլևս մարդ չէ մեր սովորական ընկալմամբ: Նա իրեն ուրիշ մեկն է երևակայում՝ գերմարդ, կամ չգիտեմ՝ ով։ Ես վստահ էի, որ ամեն ինչ հենց սրան էլ հանգեցնելու է։ Թեկուզ նա դեռ չի հայտարարել վերջնականապես հեռանալու մասին, բայց նման պահվածքից հետո ֆեդերացիան ու Ժորժե Ժեզուշը չեն կարող պարզապես աչք փակել այս ամենի վրա։ Նրանք պետք է հասկացնեն Ռոնալդուին, որ նրա արարքը չափազանց լուրջ խախտում է»,- ասել է Ռիոլոն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռոնալդուն լքել էր ազգային հավաքականի ճամբարը՝ չնայած գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշի այն հայտարարություններին, թե նրանց միջև որևէ կոնֆլիկտ չկա։ Հարձակվողը ինքնակամ որոշել էր հեռանալ և մեկնաբանել էր իր քայլը, իսկ պորտուգալական մի շարք առաջատար ԶԼՄ-ներ արդեն հայտնել են, որ Ռոնալդուն մտադիր է ավարտել կարիերան ազգային հավաքականում։
























































