«Լիվերպուլի» նախկին պաշտպան, այժմ հայտնի ֆուտբոլային փորձագետ Ջեյմի Քարագերը Sky Sports-ի եթերում բուռն և ծավալուն կերպով արձագանքել է «Մանչեսթեր Սիթիի» շուրջ ծավալված աննախադեպ սկանդալին։
Անկախ հանձնաժողովը «քաղաքայիններին» մեղավոր է ճանաչել Պրեմիեր լիգայի ֆինանսական կանոնների խախտման 115 կետերից 114-ով, թեև ակումբը շարունակում է կտրականապես հերքել բոլոր մեղադրանքները՝ գործընթացն անվանելով «դավադրության տեսություն»:
«Ես շոկի մեջ եմ, բայց միևնույն ժամանակ չեմ զարմացել։ Միշտ գիտեի, որ նրանք մեղավոր են, և դրա համար կա երկու պարզ պատճառ,- նշել է Քարագերը։ — Նախ, «Մանչեսթեր Սիթիի» համար ուղղակի անհնար էր լեգալ ճանապարհով հասնել «Լիվերպուլի», «Մանչեսթեր Յունայթեդի» կամ Մադրիդի «Ռեալի» կոմերցիոն եկամուտների մակարդակին։ Տարիներ շարունակ նրանք պնդում էին, թե նման գումարներ են վաստակում, բայց դա անիրատեսական է՝ անկախ նրանից, թե ակումբն ինչ հաջողությունների է հասել դաշտում։
Երկրորդ՝ նրանք անընդհատ կրկնում էին, թե ոչ մի վատ բան չեն արել և ունեն «անհերքելի ապացույցներ»։ Բոլորս էլ հասկանում ենք. եթե քեզ մեղադրանք են առաջադրում, և դու իսկապես ունես անմեղությունդ ապացուցող անհերքելի փաստեր, հարցը լուծվում է մեկ օրում կամ մեկ շաբաթում։ Իսկ այստեղ գործընթացը ձգվեց տարիներով։
Պետք է արժանին մատուցել Պրեմիեր լիգային։ Ես ցնցված եմ, քանի որ երբեք չէի հավատում, որ լիգան կկարողանա դատարանում հաղթել «Սիթիին»՝ հաշվի առնելով նրանց թիկունքում կանգնած ահռելի ֆինանսական հզորությունն ու ռեսուրսները։ Որպեսզի հաղթանակը համոզիչ լիներ, նրանք պետք է ապացուցեին մեղադրանքների ճնշող մեծամասնությունը, ինչն էլ արեցին»։
Խոսելով պատիժների մասին՝ Քարագերը վստահ է, որ «Մանչեսթեր Սիթին» պետք է զրկվի նվաճած տիտղոսներից, սակայն նախկին ֆուտբոլիստը դեմ է, որ այդ մեդալները փոխանցվեն երկրորդ տեղը զբաղեցրած թիմերին։
«Այդ ժամանակահատվածում նվաճած տիտղոսները պետք է ջնջվեն նրանց պատմությունից։ Բայց արդյոք դրանք պետք է փոխանցվե՞ն այլ ակումբների. դա արդեն այլ հարց է։ Ինձ բախտ է վիճակվել մի քանի մեդալ նվաճել։ Տարիներ անց ես երբեք չեմ նայում բուն մեդալին։ Ես մտովի վերադառնում եմ այն ակնթարթին, երբ մրցավարը տալիս էր վճռորոշ խաղի եզրափակիչ սուլիչը, ու վերապրում եմ այդ յուրահատուկ զգացողությունը։
Այն տղաները, որոնք զիջել են «Սիթիին», երբեք չեն ապրի այդ էմոցիան։ Դա՛ է այն, ինչ նրանցից խլել են։ Ոչ մի ֆուտբոլիստի համար նշանակություն չի ունենա, եթե հիմա նրան փոստով մեդալ ուղարկեն։ Նրանք այն կդնեն դարակում ու երբեք չեն նայի։ Բանը մեդալը չէ, այլ զգացմունքները, որոնք այս ակումբը գողացել է մարդկանցից»։
Անդրադառնալով Պեպ Գվարդիոլայի թիմի ֆուտբոլիստներին՝ Քարագերը խոստովանել է, որ ցավ է ապրում նրանց համար։
«Ես անկեղծորեն կարեկցում եմ «Սիթիի» խաղացողներին։ Նրանց տեղը ես պարզապես կկատաղեի։ Պրեմիեր լիգան իր հայտարարության մեջ ակումբի գործունեությունը հինգ անգամ անվանել է «ֆիքցիա»։ Շատ բնական է, որ ոմանք հիմա պաշտպանում են ակումբին, բայց նրանց համար ահավոր ծանր է գիտակցել, որ իրենց փայլուն կարիերայի վրա այժմ կարող է «աստղանիշ» դրվել։
Վերցնենք Կևին Դե Բրույնեին՝ մեծագույն ֆուտբոլիստներից մեկին, որին երբևէ տեսել եմ։ Նա կարող էր խաղալ աշխարհի ցանկացած ակումբում։ Նա ընտրեց «Մանչեսթեր Սիթին»՝ գուցե նաև այն աշխատավարձի պատճառով, որն ուռճացված էր արհեստական ճանապարհով։ Եվ հիմա, իր կարիերայի մայրամուտին, նա տեսնում է, որ ողջ աշխարհն իր տասնամյա աշխատանքն ընկալում է որպես խաբկանք: Ղեկավարությունը նրանց անընդհատ վստահեցրել է, որ ամեն ինչ կարգին է։
Այն, ինչ վերջին օրերին անում է «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը, մաքուր գազլայթինգ է։ Նրանք մանիպուլացնում են գործող խաղացողներին, նախկին լեգենդներին և երկրպագուներին՝ խաղալով ակումբին հավատալու նրանց ցանկության վրա։ Որքան այս իրավիճակը երկար ձգվի, այնքան ակումբն ավելի քիչ աջակցություն կստանա հենց յուրայիններից։
«Մանչեսթեր Սիթին» հիանալի, հարյուրամյա պատմություն ունեցող ակումբ է, որն այդպիսին կմնա ևս հարյուր տարի։ Բայց, հաշվի առնելով բացահայտված փաստերը, ես չեմ հասկանում, թե ինչպես կարող են այս սեփականատերերը շարունակել իրենց գործունեությունն անգլիական ֆուտբոլում»։
Չնայած անկախ հանձնաժողովի շոկային որոշմանը՝ «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը շարունակում է վստահ մնալ, որ կկարողանա ապացուցել իր անմեղությունը։ Այս մասին The Athletic պարբերականի փոդքասթում հայտնել է հայտնի ինսայդեր և լրագրող Դևիդ Օրնշտեյնը։
Լրագրողն ընդգծել է, որ ֆուտբոլի պատմության մեջ նմանատիպ գործի նախադեպ չկա, ուստի դատավարության վերջնական ելքն անկանխատեսելի է։ «Քաղաքայիններն» իրավունք ունեն բողոքարկելու անկախ հանձնաժողովի որոշումը մինչև ուրբաթ՝ հոկտեմբերի 2-ը։
Ակումբի նկատմամբ վերջնական պատիժը դեռ սահմանված չէ։ Ըստ շրջանառվող լուրերի՝ պատժամիջոցների աստիճանը կարող է տարբեր լինել՝ մրցաշարային աղյուսակում միավորների հանումից մինչև Անգլիայի Պրեմիեր լիգայից ամբողջական հեռացում։



























































