«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան քննադատել է հավաքականների խաղերի համար նախատեսված դադարը մինչև երեք շաբաթ երկարաձգելու որոշումը։ Պատճառը կատալոնական ակումբի առանցքային խաղացողներից մեկի՝ Ռաֆինյայի վնասվածքն է, որը նա ստացել է Բրազիլիայի և Ավստրալիայի հավաքականների միջև կայացած ընկերական հանդիպման ժամանակ (4:2):
Բրիսբենում կայացած խաղի առաջին խաղակեսի վերջին րոպեին բրազիլացին անվրեպ է իրացրել 11-մետրանոցը, սակայն աջ ազդրի շրջանում զգացած անհանգստության պատճառով ընդմիջմանը փոխարինվել է։ Հատկանշական է, որ խոսքն այն նույն մկանի մասին է, որը Ռաֆինյան նախկինում արդեն երկու անգամ վնասել էր ազգային թիմի ճամբարում։
Այժմ կատալոնական ակումբում առավելագույն լարվածությամբ սպասում են մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) արդյունքներին։ Կոպենհագենում Եվրոպական ֆուտբոլային ակումբների վեհաժողովին մասնակցող Ժոան Լապորտան Catalunya Ràdio-ի եթերում չի թաքցրել իր դժգոհությունը.
«Այս լուրը մեզ շատ է անհանգստացնում: Մենք խիստ դժգոհ ենք ստեղծված իրավիճակից։ Նման բաներ նախկինում էլ են պատահել, և սա հենց այն ռիսկն է, որն իրենց հետ բերում են նման երկարատև դադարները»:
Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 3-ին, Բրազիլիայի հավաքականը ևս մեկ ընկերական հանդիպում պետք է անցկացնի Կալկաթայում՝ մրցելով Հնդկաստանի ընտրանու հետ:
Ռաֆինյան հեռացվել է Բրազիլիայի ազգային հավաքականի հայտացուցակից և չի մասնակցի շաբաթ օրը կայանալիք Հնդկաստանի դեմ ընկերական հանդիպմանը։ Ավստրալիայի դեմ նախորդ խաղում (4:2) ստացած մկանային վնասվածքից հետո բրազիլացին վերադառնում է Կատալոնիա։
Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան (CBF) պաշտոնական հայտարարությամբ հաստատել է, որ բժշկական հետազոտությունների արդյունքում ֆուտբոլիստի աջ ազդրի հատվածում ախտորոշվել է «փոքր» մկանային այտուց։ Ըստ Globo Esporte-ի՝ Ռաֆինյային ակումբ վերադարձնելու որոշումը կայացվել է երկկողմանի համաձայնությամբ՝ որպես կանխարգելիչ միջոց, որպեսզի բացառվի մկանային վնասվածքի բարդացումը։
Նշենք, որ 2026/2027 մրցաշրջանում Ռաֆինյան ֆանտաստիկ մարզավիճակում է. ակումբի և հավաքականի կազմում անցկացրած ընդամենը 10 խաղում նա արդեն դարձել է 15 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
























































