Ընկերական հանդիպումների շրջանակում Բրազիլիայի ազգային հավաքականը արտագնա խաղում 2-4 հաշվով հաղթանակ տոնեց Ավստրալիայի ընտրանու նկատմամբ։
Հիշեցնենք, որ այս խաղից առաջ բրազիլացիները ևս մեկ ընկերական հանդիպում էին անցկացրել, որն ավարտվել էր 1-1 հաշվով։
Հանդիպման հաշիվը շատ արագ՝ արդեն 3-րդ րոպեին բացեց բրազիլացի Վանդերսոնը։ Ավստրալացիները կարողացան ոչ միայն հավասարեցնել հաշիվը, այլև առաջ անցնել. 30-րդ րոպեին աչքի ընկավ Չիրկատին, իսկ 34-րդ րոպեին՝ Մետկալֆը։ Սակայն առաջին խաղակեսի ավելացված ժամանակում (45+1) Ռաֆինյան դիպուկ իրացրեց 11-մետրանոց հարվածը՝ վերականգնելով հավասարությունը։
Երկրորդ խաղակեսում Բրազիլիայի հավաքականը վերստանձնեց նախաձեռնությունը. 70-րդ րոպեին Բրունո Գիմարաեշը առաջ մղեց հյուրերին, իսկ 80-րդ րոպեին Վինիսիուս Ժունիորը անվրեպ իրացրեց նշանակված ևս մեկ 11-մետրանոց՝ ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը (2-4)։
Չնայած հաղթանակին, խաղի գլխավոր և ցավալի իրադարձություններից մեկը Ռաֆինյայի վնասվածքն էր։ Ինչպես հայտնում է իսպանացի հայտնի ինսայդեր Ժերար Ռոմերոն, բրազիլացի հարձակվողը ազդրի մկանի վնասվածք է ստացել։ Սա չափազանց լուրջ հարված և մեծ կորուստ է կատալոնական «Բարսելոնայի» համար, քանի որ ընթացիկ մրցաշրջանում Ռաֆինյան թիմի լավագույն ռմբարկուն է և հարձակման գծի անվիճելի առաջատարը։
Հավելենք, որ Բրազիլիայի ազգային հավաքականն իր հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 3-ին՝ մրցելով Հնդկաստանի ընտրանու հետ։
Գոլերը` ԱՅՍՏԵՂ




























































