Ազգերի լիգայի A դիվիզիոնի 4-րդ խմբի երկրորդ տուրում Պորտուգալիայի հավաքականը Օսլոյում 2:1 հաշվով հաղթանակ տարավ Նորվեգիայի նկատմամբ, սակայն հանդիպման գլխավոր իրադարձություններից մեկը Կրիշտիանու Ռոնալդուի բացակայությունն էր խաղադաշտում։
41-ամյա ռմբարկուն ամբողջ հանդիպումն անցկացրեց պահեստայինների նստարանին։ Նման բան պաշտոնական հանդիպումներում տեղի չէր ունեցել վերջին 18 տարիների ընթացքում. նախորդ անգամ Ռոնալդուն պաշտոնական խաղում 90 րոպե պահեստայինների նստարանին էր մնացել Եվրո-2008-ի շրջանակում կայացած Շվեյցարիայի դեմ խաղում (0:2)։
Հատկանշական է, որ խաղից առաջ Ռոնալդուն լրագրողների հետ զրույցում պնդել էր, որ ի վիճակի է խաղալ ամբողջ 90 րոպեն։ Առաջին տուրում՝ Ուելսի դեմ խաղում (1:0), հարձակվողը մեկնարկային կազմում էր և փոխարինվել էր 67-րդ րոպեին։
Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշը պարզաբանել է իր տակտիկական որոշումը՝ նշելով, որ դա պայմանավորված չէր ֆուտբոլիստին հանգիստ տալու մտադրությամբ.
«Մտածում էի նրան խաղադաշտ դուրս բերել կես ժամով, սակայն հանգամանքներն այլ կերպ դասավորվեցին: Որոշեցի, որ դա այն պահը չէր։ Առջևում ևս երկու հանդիպում ունենք։ Խնդիրն այն չէ, որ ցանկանում էի խնայել նրա ուժերը. նա պատրաստ էր խաղալ այնքան, որքան ես կցանկանայի։ Սա զուտ իմ որոշումն էր. խաղադաշտում ինձ այլ բնութագրիչներով ֆուտբոլիստ էր պետք։ Բայց դա չի նշանակում, որ նա այլևս չի մտնում իմ ծրագրերի մեջ։ Հնարավոր է՝ Դանիայի դեմ խաղում նա դուրս գա խաղադաշտ»,- Ժեզուշի խոսքերն է մեջբերում A Bola-ն:
Նշենք, որ Ազգերի լիգայի երկու տուրերից հետո Պորտուգալիայի հավաքականը վաստակել է 6 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
























































