Ազգերի լիգայի խաղարկության A լիգայի երկրորդ տուրում Գերմանիայի հավաքականի՝ Հունաստանից կրած տնային պարտությունը (0:1) սուր քննադատությունների ալիք է բարձրացրել երկրում։
Գերմանական ֆուտբոլի լեգենդ Բաստիան Շվայնշտայգերը բավականին կոշտ է գնահատել «Բունդեսթիմի» ներկայիս կարգավիճակը՝ թիմն անվանելով շարքային միջակություն։
«Մենք այլևս թոփ հավաքական չենք։ Հիմա մենք շարքային, միջակ թիմ ենք։ Այլևս չունենք ֆուտբոլիստներ, որոնք ունակ են միայնակ վճռել հանդիպման ելքը։ Նույնիսկ Հունաստանն ունի Կարեցասի, Ցոլիսի, Պավլիդիսի պես տղաներ. ահա նրանք, իմ կարծիքով, խաղադաշտում տարբերություն են ստեղծում։ Մնում է հուսալ, որ Յուրգեն Կլոպին կհաջողվի այնպիսի կոլեկտիվ ստեղծել, որն ունակ կլինի ֆուտբոլ խաղալ հենց «Կլոպի ոճով»,- Շվայնշտայգերի խոսքերն է մեջբերում The Touchline-ը։
Գերմանիայի հավաքականի պաշտպան Յոզուա Կիմիխը, մեկնաբանելով Շվայնշտայգերի այս հայտարարությունը, հաստատել է նախկին թիմակցի մտավախությունները՝ նշելով, որ այս պահին իրենք իսկապես հեռու են էլիտար մակարդակից։
«Ինձ համար դժվար է հակաճառել Բաստիանին։ Ներկա պահին մենք բավականաչափ հեռու ենք թոփ թիմ լինելուց։ Սա մեր լավագույն հանդիպումը չէր։ Կարծում եմ՝ պարտության դրվագում բախտներս պարզապես չբերեց անդրադարձի պատճառով, բայց ընդհանուր առմամբ մենք չափազանց ստատիկ էինք գործում, պակասում էր կրեատիվությունը։
0:0-ն արդարացի արդյունք կլիներ, իսկ պարտվելն ուղղակի անհաջողություն էր։ Այժմ մենք պետք է կատարելագործվենք ամեն ինչում ու ավելի լավ հասկանանք գլխավոր մարզչին։ Նա հստակ ասում է՝ ինչ է ուզում մեզնից, հիմա հերթը մերն է»,- Կիմիխի խոսքերն է փոխանցում Sky Sport Germany-ն։
Ազգերի լիգայի հաջորդ տուրում Գերմանիայի հավաքականը հոկտեմբերի 1-ին Մյունխենի «Ալյանց Արենայում» կհյուրընկալի Սերբիային, իսկ Հունաստանը կընդունի Նիդերլանդներին։ Հիշեցնենք, որ առաջին տուրում հույները 2։1 հաշվով հաղթել էին Սերբիային։
























































