Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը «Ժողովուրդ»-ին տված հարցազրույցի ժամանակ խոսել է Ազգերի լիգայի առաջիկա հանդիպումների, հավաքականում առկա լուրջ կադրային խնդիրների, վնասվածքների, ինչպես նաև առաջիկա մրցակիցների ու երիտասարդ ֆուտբոլիստներին հնարավորություն ընձեռելու մասին։
— Պարոն Մելիքյան, նախ շնորհակալ ենք հարցազրույցի համար։ Սեպտեմբերի 25-ից մեկնարկում են Ազգերի լիգայի խաղերը։ Որպես գլխավոր մարզիչ՝ ինչպե՞ս կգնահատեք մեր հավաքականի պատրաստվածությունը մրցաշարին։
— Անկեղծ ասած, հոգեբանորեն ես կհասցնեմ նախապատրաստել թիմին, բայց մեր ունեցած կորուստները լուրջ խնդիրներ են ստեղծում։ Վնասվածք ունեցողների քանակը շատ մեծ է՝ ութ ֆուտբոլիստ։ Իմ մարզչական կարիերայի ընթացքում նման դեպք նույնիսկ չեմ հիշում։ Բացի այդ, հրավիրվածներից հինգն էլ չունեն բավարար խաղային պրակտիկա։ Լատվիայի հետ խաղին շատ լուրջ խնդիրներով ենք մոտենում, անկեղծ ասած՝ չէի սպասում նման իրավիճակի, բայց ունենք այն, ինչ ունենք։ Ամեն դեպքում, ես հուսահատվող տեսակ չեմ, չեմ ընկճվում և կոգևորեմ թիմին այնքան, որքան հնարավոր է։ Սակայն ֆուտբոլում միայն ոգևորելը քիչ է. հարցեր լուծելու համար որակ է պետք, իսկ մենք որակային մեծ կորուստներ ունենք։ Բայց, միևնույն է, պետք է պատրաստվենք ու պայքարենք։
— Արդեն հայտնի՞ է, թե որ ֆուտբոլիստներն են դաշտ դուրս գալու Լատվիայի դեմ խաղում: Որքանո՞վ եք ուսումնասիրել Լատվիայի հավաքականի խաղաոճն ու պատրաստվածությունը:
— Հիմա չեմ կարող հստակ ասել, թե ովքեր կլինեն մեկնարկային կազմում, բայց կաշխատեմ տղաներին այնպես տրամադրել, որ դաշտ դուրս գան որպես իսկական մարտիկներ։ Մենք հասցրել ենք վերլուծել մրցակիցներին. նրանց շատ լավ ճանաչում ենք, ունեն բարձրակարգ ֆուտբոլիստներ։ Եթե մենք ունենայինք նախկին որակն ու լիարժեք կազմը, Լատվիայի նկատմամբ միանշանակ առավելություն կունենայինք, բայց այս կորուստների պարագայում շանսերը 50/50 են։ Նոր եմ սկսելու թիմի հետ աշխատել, դրսից եկող շատ ֆուտբոլիստների ֆիզիկական վիճակին դեռ պետք է ծանոթանամ, որպեսզի լիարժեք պատրաստվենք: Ինչպես նշեցի, մեր բոլոր մրցակիցներին էլ շատ լավ ճանաչում ենք և ուսումնասիրել ենք: Միայն կարող եմ ասել, որ մեզ համար ընդհանրապես հեշտ չի լինելու:
— Իսկ ի՞նչ կասեք Չեռնոգորիայի և Կիպրոսի հավաքականների մասին: Արդյոք այս թիմերի դեմ հատուկ մարտավարություն մշակե՞լ եք:
— Յուրաքանչյուր թիմի դեմ էլ ունենք հատուկ մարտավարություն և նվազագույնը երկու խաղային պլան, որպեսզի կարողանանք ճիշտ աշխատանք տանել ու հասնել արդյունքի։ Չեռնոգորիան շատ լավ հավաքական է, որակյալ ֆուտբոլիստներ ունի, ովքեր խաղում են թոփ առաջնություններում և գոլերի հեղինակ են դառնում: Նրանք նոր մարզիչ ունեն, որը ևս բավականին լավ աշխատանք է տանում։ Լուրջ մրցակից է, և այս դեպքում ևս հեշտ չի լինելու։
— Այս մրցաշարում երիտասարդ ֆուտբոլիստներին որքանո՞վ է հնարավորություն տրվելու՝ դրսևորելու իրենց դաշտում:
— Երիտասարդներին տեղ տրվելու է, այո։ Այն օրվանից, ինչ ես հավաքականում եմ, աշխատում եմ այդ ուղղությամբ։ Նախկինում էլ նրանց հնարավորություն տրվել է, հիմա էլ է տրվելու, և դուք դաշտում անպայման կտեսնեք երիտասարդ ֆուտբոլիստների։
Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի C2 խմբի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 25-ին կընդունի Լատվիայի, իսկ սեպտեմբերի 28-ին՝ Չեռնոգորիայի հավաքականներին, որից հետո արտագնա հանդիպումներ կանցկացնի Կիպրոսի ու Չեռնոգորիայի ընտրանիների հետ։

























































