«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի․ թիմին է միացել Տաջիկստանը ներկայացնող հարձակողական ոճի կիսապաշտպան Ալիշեր Ռախիմովը:
Այդ մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
24-ամյա ֆուտբոլիստն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Տաջիկստանի «Բարկչի» թիմում: 2022 թվականին նա տեղափոխվել է ռուսական Մեդիալիգայում հանդես եկող Մոսկվայի «Ամկալ», ապա ելույթները շարունակել է նույն լիգան ներկայացնող «Բրոուք Բոյսում»։
2025 թվականի մարտին Ալիշեր Ռախիմովը կարիերան շարունակել է Բելառուսի «Սմորգոնում», որտեղ մի քանի ամիս հանդես գալուց հետո տեղափոխվել է բելառուսական մեկ այլ թիմ՝ «Նավթան»։ Ընդհանուր առմամբ, նա Բելառուսի Բարձրագույն լիգայում անցկացրել է 22 հանդիպում և դարձել 4 գոլի հեղինակ։
Ալիշեր Ռախիմովի նախորդ թիմը Տաջիկստանի Բարձրագույն լիգան ներկայացնող «Ռավշանն» էր, որի կազմում անցկացրել է 8 խաղ ու դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Ալիշերը մեկ հանդիպում է անցկացրել նաև Տաջիկստանի Մ-23 տարեկանների հավաքականում։
Ալիշեր Ռախիմովը դեռևս 2025 թվականի հունվարին «Փյունիկի» կազմում մասնակցել էր ԱՄԷ-ում անցկացված ուսումնամարզական հավաքին։




























































