Ռումինական ֆուտբոլում նոր պատժամիջոց են սահմանել՝ «սև քարտ»։ Նորարարությունն առայժմ կփորձարկվի 7–16 տարեկանների պատանեկան առաջնություններում, ինչն ունի իր տրամաբանական բացատրությունը։
Բանն այն է, որ նոր քարտը նախատեսված է ոչ թե խաղադաշտում գտնվող ֆուտբոլիստների, այլ նրանց ծնողների համար։
Ռումինիայում հաճախ են դեպքեր գրանցվում, երբ իրենց երեխաների ելույթներին հետևող ծնողները խաղադաշտի անմիջական հարևանությամբ անկարգություններ են հրահրում, իսկ երբեմն նույնիսկ փորձում են ներխուժել խաղադաշտ և մրցավարներին ցույց տալ, թե «ինչպես է պետք դատել»։
Հենց նման արտառոց միջադեպերի համար էլ ստեղծվել է «սև քարտը»։ Այն մրցավարներին օրինական մեխանիզմ և լծակ կտրամադրի՝ ազդելու չափազանց էմոցիոնալ և ագրեսիվ վարքագիծ դրսևորող ծնողների վրա։























































