Ռումինիայի ֆուտբոլի ֆեդերացիան (FRF) մանկապատանեկան ֆուտբոլում աննախադեպ նորամուծություն է կատարել՝ շրջանառության մեջ դնելով «սև քարտը»։
Այս որոշումն ուղղված է մանկական թիմերի հանդիպումների ժամանակ ծնողների և հանդիսականների կողմից դրսևորվող ագրեսիվ վարքագծի դեմ պայքարին։
Նոր կանոնակարգի համաձայն՝ պատժամիջոցների կիրառման ընթացակարգը բաղկացած է լինելու երեք փուլից.
Նախազգուշացում. Մրցավարը ժամանակավորապես կանգնեցնում է խաղը և պահանջում մարզիչներից հանգստացնել տրիբունաներում գտնվող երկրպագուներին։
Դադար. Եթե լարվածությունը չի մեղմանում, հանդիպումը դադարեցվում է 10 րոպեով, իսկ ֆուտբոլիստներն ուղևորվում են հանդերձարան։
Սև քարտ. Եթե խաղի վերսկսումից հետո վիրավորանքներն ու ֆիզիկական ագրեսիան շարունակվում են, գլխավոր մրցավարը ցույց է տալիս սև քարտ և միանգամից հնչեցնում եզրափակիչ սուլիչը։
Խաղը վերջնականապես ընդհատվում է և այլևս չի կարող շարունակվել։
Նշվում է, որ այս խիստ միջոցառումը կկիրառվի Ռումինիայի բոլոր 130 ֆուտբոլային ակադեմիաներում։ Գլխավոր նպատակը պատանի ֆուտբոլիստներին, մարզիչներին, մրցավարներին և խաղի մյուս մասնակիցներին ավելորդ ճնշումից ու վտանգներից պաշտպանելն է։
























































