Հայտնի լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն X-ի իր միկրոբլոգում հայտնում է, որ իտալական «Միլանն» ու թուրքական «Գալաթասարայը» համաձայնության են եկել պորտուգալացի եզրային հարձակվող Ռաֆայել Լեաուի տեղափոխության շուրջ։ Տրանսֆերի արժեքը կկազմի 45 միլիոն եվրո՝ չհաշված հնարավոր բոնուսները։
Աղբյուրի տեղեկություններով՝ գործարքի վերջնական մանրամասների շուրջ բանակցությունները կշարունակվեն այսօր՝ օգոստոսի 27-ին։ Նշվում է սակայն, որ վերջնական որոշումը կայացնելու է անձամբ ֆուտբոլիստը, քանի որ և՛ նրա, և՛ իտալական ակումբի սեղանին կա ևս մեկ պաշտոնական առաջարկ՝ անգլիական «Ասթոն Վիլայից»։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լեաուն արդեն համաձայնեցրել է իր անձնական պայմանագրի կետերը թուրքական գրանդի հետ. այն նախատեսված կլինի մինչև 2030 թվականի ամառը։ Միևնույն ժամանակ, բիրմինգհեմյան ակումբը պորտուգալացու համար «Միլանին» առաջարկում է վարձակալություն՝ 8 միլիոն եվրոյի դիմաց, ինչպես նաև տրանսֆերի պարտադիր գնման իրավունք՝ մոտ 42 միլիոն եվրոյով։


























































