Հայկական ֆուտբոլում ծավալված իրավական վեճն ունի առաջին զարգացումները. դատարանի որոշմամբ կասեցվել է օտարերկրացի ֆուտբոլիստների քանակական սահմանափակումը։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամ Աննա Օհանյանը հայց էր ներկայացրել ընդդեմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ պահանջելով անվավեր ճանաչել 2026/27 մրցաշրջանի կանոնակարգի ընդունումը։
Այսօր հայտնի է դարձել, որ դատարանը, որպես հայցի ապահովման միջոց, որոշում է կայացրել կասեցնել ՀՖՖ-ի՝ պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների կանոնակարգի համապատասխան դրույթների գործողությունը։
Այսպիսով, դատարանի որոշման ուժով հայկական ակումբներն այս պահին կարող են առանց քանակական սահմանափակումների հայտավորել և գրանցել օտարերկրացի ֆուտբոլիստների։
Հիշեցնենք, որ վեճի առարկա դարձած որոշումը կայացվել էր ՀՖՖ Գործկոմի կողմից՝ 2026 թվականի հունիսի 27-ին: Այդ կանոնակարգով սահմանվում էր, որ ակումբներին թույլատրվում է մրցաշրջանի հայտացուցակում (ներառյալ առաջին և երկրորդ թիմերը) ունենալ առավելագույնը 15 արտասահմանցի ֆուտբոլիստ:
Ըստ հայցվորի՝ որոշման ընդունման մեխանիզմը չէր համապատասխանել սահմանված իրավական նորմերին։



























































