Եվրոպա լիգայի 2026/27 թվականների մրցաշրջանի անցումային փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» Ռումինիայի Կրայովա քաղաքի «Իոն Օբլեմենկո» մարզադաշտում հյուրընկալվելիս 1:1 հաշվով մարտական ոչ-ոքի գրանցեց տեղի «Ունիվերսիտատեայի» հետ։
Ռումինական թիմի գլխավոր մարզիչ Ֆիլիպե Կոելյոն դիմակայության առաջին խաղից հետո ամփոփել է հանդիպումը:
«Մենք փորձեցինք հաղթել, բայց գոլ բաց թողեցինք ստանդարտ իրավիճակից: Լավ արձագանքեցինք, գոլ խփեցինք և երկրորդ գնդակը խփելու հնարավորություններ ևս ունեինք: Մենք այսօր հանդիպեցինք ուժեղ մրցակցի, սակայն պետք է առաջ շարժվենք։
Գոհ եմ Բայարամից, նա անում է հնարավոր ամեն ինչ: Մենք պետք է կենտրոնացած լինենք, նրան մեղադրելու ոչինչ չունեմ: Բնական է, որ ֆուտբոլիստները երբեմն սխալներ են թույլ տալիս, բայց նա մեզ շատ է օգնում: Հաշիվը 1-1 է, այնտեղ բարդ է լինելու, բայց մենք կփորձենք որակավորվել, խաղալ Եվրոպա լիգայում և պատմություն կերտել: Սա է մեր նպատակը: Մենք մրցելու ենք փորձառու թիմի դեմ, բայց մենք սպասելիքներ ունենք այդ խաղից։։ Մինչ այդ, ևս մեկ հանդիպում ունենք առաջնությունում՝ «Վոլունտարիի» դեմ: Մենք պետք է հասցնենք վերականգնվել մինչև այնտեղ մեկնելը:
Ես լավ գիտեմ մրցակից թիմին, լավ ճանաչում եմ մարզչին: Սա այլ թիմ է՝ համեմատած նրա հետ, որը խաղում էր «Կլուժի» դեմ: Դժվար է լինելու, բայց մենք գնում ենք այնտեղ հաջորդ փուլ դուրս գալու համար: Բարդ է լինելու, բայց մենք ամեն ինչ կտանք առաջ շարժվելու համար:
Այժմ մարզչական շտաբի հետ պետք է վերլուծեմ խաղը: Կարևոր է վերականգնել ֆուտբոլիստներին, նրանք հոգնած են, քանի որ կարճ ժամանակահատվածում շատ հանդիպումներ են անցկացրել: Սա այնպիսի շրջան է, որը մեծ ջանքեր է պահանջում: Նախևառաջ պետք է վերլուծենք, իսկ հետո վերականգնենք մեր ֆուտբոլիստներին, որպեսզի պատասխան խաղում խաղադաշտ դուրս գանք հաղթելու նպատակով»,- նշել է Կոելյոն։
Հիշեցնենք, որ այս զույգի հաղթողը նվաճելու է Եվրոպա լիգայի խաղարկության լիգայի փուլի ուղեգիր։ «Արարատ-Արմենիա» — «Ունիվերսիտատեա Կրայովա» պատասխան հանդիպումը տեղի կունենա Երևանում՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, օգոստոսի 27-ին՝ ժամը 20։00-ին։
























































