Եվրոպա լիգայի 2026/27 թվականների մրցաշրջանի անցումային փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» Ռումինիայի Կրայովա քաղաքի «Իոն Օբլեմենկո» մարզադաշտում հյուրընկալվելիս 1-1 հաշվով մարտական ոչ-ոքի գրանցեց տեղի «Ունիվերսիտատեայի» հետ։
Երևանյան ակումբի գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպայի փոխարեն հետխաղային ասուլիսին մասնակցել է նրա օգնական Գաբրիել Կոուտոն, որն ամփոփել է հանդիպումն ու պատասխանել լրագրողների հարցերին։
— Խաղի ընթացքից ելնելով՝ կարծում եք սա տրամաբանակա՞ն հաշիվ էր։
«Հաշվի առնելով խաղի ընթացքը՝ այո, կարծում եմ տրամաբանական էր։ Խաղը հավասարակշռված էր, հավասար պայքար էր ընթանում։ Ունեինք գոլ խփելու մի քանի հնարավորություններ, բայց մրցակիցը ևս ուներ։ Հաշվի առնելով թե՛ պահերի քանակը, թե՛ խաղի ընթացքը՝ արդարացի արդյունք էր»։
— Ընդհանուր առմամբ՝ հաշվի առնելով մթնոլորտը, որն այստեղ շատ ծանր էր, երկրպագուները մեծ աջակցություն էին ցույց տալիս թիմին, և այն, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ էր «Արարատ-Արմենիան» նախորդ եվրագավաթային խաղն անցկացրել, այս համատեքստում ինչպե՞ս կգնահատեք հանդիպումը։
«Ընդհանուր առմամբ բավականին լավ եմ գնահատում թիմի խաղը, և եվրագավաթային հանդիպումների այդ փորձն այսօր մեզ օգնեց։ Այս խաղից հետո պետք է լավ ուսումնասիրենք այն գործոնները, որոնցում կան կատարելագործվելու տեղեր, որպեսզի պատասխան խաղում շատ ավելի լավ հանդես գանք։ Մենք լավ էինք ուսումնասիրել մրցակցին, ինչպես միշտ անում ենք, գիտեինք նրանց ուժեղ և թույլ կողմերը, և կարծում եմ՝ խաղի ընթացքում մեծապես օգտվեցինք այդ գիտելիքներից՝ ստեղծելով մի շարք հնարավորություններ։ Բոլորս լավ տեսանք, թե որքան ուժեղ և բարդ մրցակից էր, և այդ ամենը հաշվի առնելով՝ կարող եմ ասել, որ բավականին լավ խաղացինք։ Ամփոփելով խոսքս՝ ասեմ, որ թիմը որակյալ խաղ ցուցադրեց, իսկ հաշիվն արդարացի էր»։
— Երբ Կառլոս Ֆրանսան մտավ խաղադաշտ, նա փոխարինեց Բենիին, և առջևի գծում մնացին Բանջակը, Լիման ու Սերոբյանը։ Արդյո՞ք նախապես էր ծրագրված այդ սխեման, և արդյո՞ք Բանջակը որպես երրորդ կիսապաշտպան պետք է աշխատեր, որովհետև թվում էր, թե նա ամեն դեպքում դեպի հարձակումն էր միտված։
«Այո, Զիդանը (Բանջակին) գործում էր որպես երրորդ կիսապաշտպան, քանի որ նա գնդակի հետ շատ լավ է վարվում, իսկ Բենին արդեն հոգնած էր։ Ֆրանսայի մուտքը խաղադաշտ շատ կարևոր էր՝ առաջին հերթին նրա արագության, բայց նաև պաշտպանողական գործողությունների տեսանկյունից՝ հաշվի առնելով, որ «Կրայովան» անընդհատ փորձում էր ծանրաբեռնել եզրերը։ Ուստի մեզ պետք էր ևս մեկ ֆուտբոլիստ, որը կաշխատեր պաշտպանությունում»։
— Ուգո Օլիվեյրան շատ լավ հանդիպում անցկացրեց, նաև միակ գոլային փոխանցումը կատարեց, բայց փոխարինվեց։ Տեղեկություն կա՞ նրա վիճակի մասին։
«Ուգոն իսկապես շատ լավ խաղաց, համաձայն եմ։ Նա հիանալի մարզավիճակում է, և այս փուլում մենք պետք է լիովին օգտագործենք այն ֆուտբոլիստներին, որոնք իրենց լավագույն մարզավիճակում են։ Սակայն նա փոխարինվեց հոգնածության պատճառով, վնասվածք չունի»։
— Նախախաղային ասուլիսին պարոն Տուլիպայի հետ խոսեցինք աջ եզրի մասին, և այս խաղում էլ Սերոբյանը պաշտպանվելիս իջնում էր որպես աջ լատերալ, ու Սերոբյանի արդյունավետությունը առջևի գծում, կարելի է ասել, կորավ։ Կարո՞ղ եք ասել, որ դա ինչ-որ չափով ազդեց խաղի վրա։
«Նախ և առաջ կարծում եմ, որ Արթուր Սերոբյանը շատ լավ հանդիպում անցկացրեց։ Նա նորից ինչ-որ չափով զոհաբերեց իր խաղն առջևի գծում, քանի որ թիմը կարիք ուներ, որ նա սովորականից ավելի շատ պաշտպանվեր։ Այս խաղի տրամաբանությունն էր դա պահանջում։ Մենք ի սկզբանե խաղն այնպես էինք ծրագրել, որ Սերոբյանն ավելի շատ պաշտպանվի, և մրցակիցն էլ խաղի ընթացքում ստիպում էր նրան անել դա։ Յուրաքանչյուր ֆուտբոլիստ խաղից առաջ ունենում է իր առաջադրանքը, և Սերոբյանն ամբողջովին կատարեց իր առջև դրված խնդիրն այսօրվա խաղում։ Պարզ է, որ երբ գնդակը մեզ մոտ էր, չէինք կարողանում նրա համար ստեղծել այնպիսի իրավիճակներ, որտեղ նա կկարողանար փայլել, բայց մենք սպասում էինք, որ նման սցենար կարող է լինել, ուստի նրա ելույթը շատ լավն էր, մենք էլ գոհ ենք»։
Հիշեցնենք, որ այս զույգի հաղթողը նվաճելու է Եվրոպա լիգայի խաղարկության լիգայի փուլի ուղեգիր։ «Արարատ-Արմենիա» — «Ունիվերսիտատեա Կրայովա» պատասխան հանդիպումը տեղի կունենա Երևանում՝ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական ստադիոնում, օգոստոսի 27-ին՝ ժամը 20։00-ին։
























































