Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում «Փյունիկը» երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Արարատի» դարպասը (2-0):
Խաղի ամենաուշագրավ դրվագները գրանցվեցին երկրորդ խաղակեսում։ 55-րդ րոպեին «Արարատի» ավագ Վարազդատ Հարոյանը սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց մրցակցի նկատմամբ և ուղիղ կարմիր քարտով հեռացվեց խաղադաշտից։ Դրանից վայրկյաններ անց մարզադաշտի լուսավորությունն անջատվեց, ինչի պատճառով հանդիպումն ընդհատվեց մոտ 5 րոպեով։
Լուսավորության վերականգնումից հետո նշանակված 11-մետրանոց հարվածը չկարողացավ իրացնել Իասոնաս Պիկիսը․ նրա հարվածը վստահ սեյվով հետ մղեց «Արարատի» դարպասապահ Անզիմատի Աբուդուն։ Այնուամենայնիվ, թվային առավելություն ունեցող հյուրերին հաջողվեց կոտրել մրցակցի դիմադրությունը։ Հանդիպման 85-րդ րոպեին Գևորգ Տարախչյանը բացեց հաշիվը, իսկ ավելացված ժամանակի 13-րդ րոպեին Վյաչեսլավ Աֆյանը երկրորդ գնդակն ուղարկեց տանտերերի դարպասը՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը։
Այս հաղթանակից հետո «Փյունիկը» վաստակեց 7 միավոր և բարձրացավ մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնական, իսկ «Արարատը» 4 խաղից հետո 3 միավորով 9-րդն է։
Հանդիպման տեսագրությունը․
ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․




























































