«Բարսելոնան» հստակ ծրագիր ունի 2027/28 մրցաշրջանում դարպասապահի դիրքի ապահովման վերաբերյալ։ Ինչպես հաղորդում է իսպանական Marca պարբերականը, կատալոնական ակումբը մոտ է Խորվաթիայի ազգային հավաքականի հիմնական դարպասապահ Դոմինիկ Լիվակովիչի տրանսֆերի ձևակերպմանը։
Նշվում է, որ թուրքական «Ֆեներբախչեի» հետ բանակցություններն արդեն առաջադեմ փուլում են, սակայն կողմերի միջև վերջնական համաձայնություն դեռևս չկա։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Բարսելոնայի» գլխավոր նպատակն այն է, որ տրանսֆերն իրականացվի մինչև սեպտեմբերի 1-ը, որից հետո Լիվակովիչը մեկ տարվա վարձավճարով կտեղափոխվի մեկ այլ թիմ, որտեղ նա հանդես կգա որպես հիմնական դարպասապահ։ Ընթացիկ՝ 2026/27 մրցաշրջանում «կապտանռնագույնների» դարպասը կշարունակեն պաշտպանել Ժոան Գարսիան և Վոյցեխ Շչեսնին։
Սպասվում է, որ խորվաթ դարպասապահը կատալոնական գրանդի առաջին թիմին կմիանա հաջորդ տարվա ամռանը՝ Վոյցեխ Շչեսնիի պայմանագրի ժամկետի ավարտից հետո, և կդառնա հիմնական դարպասապահ Ժոան Գարսիայի փոխարինողը։
Հաղորդվում է նաև, որ Լիվակովիչի տրանսֆերը «Բարսելոնայի» համար կարժենա շուրջ 3-5 միլիոն եվրո։
























































