Բրատիսլավայի «Սլովանի» գլխավոր մարզիչ Յայա Տուրեի կանխատեսումը Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Տիգրան Բարսեղյանի վերաբերյալ սկսում է իրականանալ։
Երեկ` օգոստոսի 19-ին Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի սլովենական «Ցելյեի» դեմ կայացած առաջին խաղում, որն ավարտվել էր 1-1 հաշվով, Բարսեղյանը ճանաչվել էր հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Հայ վինգերը վնասվածքից հետո աստիճանաբար հավաքում է իր լավագույն մարզավիճակը՝ դառնալով թիմի առանցքային ու վտանգավոր խաղացողներից մեկը։
Հատկանշական է, որ դեռևս հուլիսի 17-ին՝ մրցաշրջանի նախապատրաստական աշխատանքների ժամանակ, երբ «Սլովանը» պատրաստվում էր ՉԼ-ի որակավորման երկրորդ փուլին, իսկ Բարսեղյանը դեռ ապաքինվում էր վնասվածքից, Տուրեն նրա մասին հնչեցրել էր հետևյալ միտքը.
«Տիգրանը իսկապես ֆանտաստիկ խաղացող է, ֆանտաստիկ մարդ։ Ես շատ լավ հարաբերություններ ունեմ նրա հետ։ Եվ նա իսկապես բացառիկ ֆուտբոլիստ է, ինչպես կարող եք տեսնել և իմանալ։ Եվ ընդհանուր առմամբ, այս նախապատրաստական աշխատանքների ընթացքում մենք փորձում ենք խաղացողներին անհարմար իրավիճակների մեջ դնել, որպեսզի մրցաշրջանի այդ դժվար խաղերում նրանք կարողանան հաղթահարել ճնշումը այնպես, ինչպես պետք է: Երբ Տիգրանը լինի իր ֆիզիկական լավագույն մակարդակի վրա, կտեսնեք, որ նա վճռորոշ կլինի»։
Ինչպես տեսնում ենք, անվանի նախկին ֆուտբոլիստի խոսքերն արդարանում են հենց մրցաշրջանի ամենակարևոր հատվածում։
Հիշեցնենք, որ «Սլովանի» և «Ցելեի» միջև պատասխան հանդիպումը կայանալու է օգոստոսի 26-ին Սլովենիայում։ Այս դիմակայության հաղթողը կնվաճի Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի ուղեգիր։

























































