Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի՝ «Ունիվերսիտատյա Կրայովա» — «Արարատ-Արմենիա» վճռորոշ հանդիպումից մեկ օր առաջ ռումինական ակումբի գլխավոր մարզիչ Ֆիլիպե Կոելյոն և կիսապաշտպան Անզոր Մեկվաբիշվիլին հանդես են եկել ավանդական նախախաղային ասուլիսով։
Պորտուգալացի մասնագետն ընդգծել է այն փաստը, որ «Կրայովան» ռումինական միակ ակումբն է, որը դեռ շարունակում է պայքարը եվրագավաթներում։ Նա նաև հստակեցրել է, որ չի առաջնորդվում Transfermarkt-ի տվյալներով և ֆուտբոլում երբեք չի օգտագործում «վախեցած» բառը:
«Մենք Ռումինիայի միակ թիմն ենք, որը կարողացել է հասնել մրցաշարի այս փուլին: Տրիբունաներից եկող էներգիան, որը մենք պետք է ունենանք, չափազանց կարևոր է լինելու: Ցանկությունս է, որ վաղը մենք ևս մեկ կախարդական եվրոպական երեկո ունենանք:
Ես երբեք չեմ նայում Transfermarkt-ի այն թվերին, որոնց դուք հղում եք անում։ Կարևոր է միայն այն, թե ինչ կկարողանանք մենք անել խաղադաշտում: Մեր կարիերայում չափազանց շատ ժամանակ չունենք, ուստի պետք է տանք մեր առավելագույնը՝ Եվրոպա լիգա որակավորվելու համար: Ես շատ լավ ճանաչում եմ «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստներին, և մեծագույն սխալ կլինի նայել նրանց շուկայական արժեքին: Կասկած չունեմ՝ հաջորդ փուլ անցնելու համար մենք պետք է լինենք մեր լավագույն մակարդակի վրա:
Վախեցա՞ծ եմ։ Դա մի բառ է, որը ես ֆուտբոլում երբեք չեմ օգտագործում։ Ես վստահում եմ իմ խաղացողներին։ Ինձ համար միակ խնդիրն այն է, երբ մենք հնարավորություն չենք ունենում խաղալու նման կարևորագույն հանդիպումներում»,- հայտարարել է Կոելյոն:
Ըստ հեղինակավոր Transfermarkt պորտալի՝ Ռումինիայի չեմպիոնի կազմը գնահատվում է 37 միլիոն եվրո, մինչդեռ երևանյան ակումբի կազմի ընդհանուր արժեքը 8,31 միլիոն եվրո է:
Մամուլի ասուլիսին ներկա վրացի ֆուտբոլիստ Անզորը նույնպես կիսվել է իր սպասումներով.
«Սա շատ կարևոր խաղ է մեզ համար: Մեր վրա ճնշում չկա, մենք սիրում ենք խաղալ նման հանդիպումներում: Ուզում ենք բոլորս վայելել խաղը՝ թե՛ մենք դաշտում, թե՛ երկրպագուները տրիբունաներում: Բարդ հանդիպում է լինելու, մենք գնահատում ենք մրցակցին և անհամբեր սպասում ենք այս դիմակայությանը»:

























































