Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի «Ունիվերսիտատյա Կրայովա» — «Արարատ-Արմենիա» դիմակայությունից առաջ ռումինական ֆուտբոլային հանրությունը երկու ճամբարի է բաժանվել։ Ինչպես հաղորդում է Digi Sport-ը, Ռումինիայում ոմանք վստահ են սեփական թիմի հեշտ հաղթանակին, իսկ ոմանք էլ՝ մասնավորապես ակումբի ղեկավարությունը, խիստ զգուշանում են հայկական թիմից։
Ռումինական ֆուտբոլի լեգենդ, 58-ամյա Ջիկա Կրայովյանուն, ով նաև «Ունիվերսիտատյայի» մեծ երկրպագու է, կասկած չունի, որ իրենց թիմն առանց խնդիրների առավելության կհասնի.
«Վստահ եմ՝ Կրայովան կհաղթի։ 2:0՝ կարճ և կոնկրետ, դա միանգամայն բավական է։ Ես հիմնվում եմ մեր թիմի ու կազմի ընդհանուր որակի վրա»,- հայտարարել է Կրայովյանուն Liga Digi Sport-ի եթերում։
Որպես նրա խոսքերի լրացում՝ ռումինական մամուլն ընդգծում է Transfermarkt-ի տվյալները, ըստ որոնց՝ «Ունիվերսիտատյայի» կազմը գնահատվում է 37 միլիոն եվրո, իսկ «Արարատ-Արմենիայի» թիմի ընդհանուր արժեքը կազմում է 8,31 միլիոն եվրո։
Այնուամենայնիվ, «Ունիվերսիտատյայի» սեփականատեր Միհայ Ռոտարուն շատ ավելի ռեալիստական է տրամադրված և կոչ է անում չթերագնահատել մրցակցին։
«Շատ բարդ դիմակայություն է լինելու։ Մենք շատ լավ գիտենք՝ ով է «Արարատ-Արմենիան»։ Նախորդ մրցաշրջանում նրանք առանց որևէ շանս տալու դուրս թողեցին «Կլուժին»։ Ես Սիբիուում հանդիպեցի Նիստորին, Կիպչիուին և Տոշկային, և նրանք ինձ անձամբ ասացին, որ հայկական թիմի դեմ պարզապես ոչ մի շանս չունեին։ Սա հեշտ մրցակից չէ, առավել ևս, որ պատասխան խաղը նրանց հարկի տակ է լինելու»,- նշել է Ռոտարուն Digi Sport Special-ի եթերում։
Միևնույն ժամանակ, ակումբի ղեկավարն ընդգծել է իրենց թիմի ներուժը.
«Մենք նույնպես լավ ու ուժեղ թիմ ունենք։ Պատահական չէ, որ «Լևսկիի» սեփականատերը նշում էր, թե վիճակահանության ժամանակ ամենաշատը չէր ցանկանում հանդիպել հենց Կրայովայի հետ։ Ֆուտբոլն աճել է, նրանք լավն են»։
Հոդվածում անդրադարձ է կատարվել նաև հայկական ակումբի անցած եվրոպական ճանապարհին. հիշեցվում է, որ «Արարատ-Արմենիան» պայքարը սկսել է Չեմպիոնների լիգայից, որտեղ հաղթահարել է լատվիական «Ռիգայի» (ընդհանուր՝ 4:3) և իռլանդական «Շեմռոք Ռովերսի» (ընդհանուր՝ 3:2) արգելքները։ Երրորդ փուլում թիմը զիջել է սլովենական «Ցելյեին» (ընդհանուր՝ 2:3)՝ իջնելով Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ։
Հավելենք, որ այս դիմակայությունում պարտվող կողմը հանդես կգա Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում։

























































