Ռումինական «Ունիվերսիտատյան» պատրաստվում է Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի իր գլխավոր մարտին, որտեղ Ռումինիայի չեմպիոնի մրցակիցը հայկական «Արարատ-Արմենիան» է։ Դիմակայության առաջին հանդիպումը կկայանա հինգշաբթի՝ օգոստոսի 20-ին, Կրայովայի «Իոն Օբլեմենկո» մարզադաշտում։
Ընդառաջ գնալով այս կարևորագույն խաղին՝ ռումինական մարզական մամուլն ուշադրություն է հրավիրել հայկական լրատվամիջոցների, մասնավորապես՝ Armsport.am-ի հրապարակումների վրա։
Digi Sport-ը նշում է, որ երևանյան թիմը կանգնած է պատմություն կերտելու շեմին. մինչ օրս ոչ մի հայկական ակումբ հանդես չի եկել Եվրոպա լիգայի լիգայի փուլում։
«Արարատ-Արմենիան իսկապես պատմական իրադարձության շեմին է», — մեջբերում են ռումինական պարբերականները մեր կայքի անդրադարձը։
Հիշեցնենք, որ այս զույգի պարտվողը պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում, այնպես որ երկու թիմերն էլ արդեն իսկ ապահովել են իրենց եվրոպական աշունը։
![]()
«Ունիվերսիտատյայի» հայտացուցակն ու կադրային ներուժը
«Ունիվերսիտատյան» արդեն հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք նախապատրաստվում են հայկական թիմի դեմ դիմակայությանը.
- Դարպասապահներ. Մաքսիմ, Պոպեսկու, Սավա
- Պաշտպաններ. Ռոմանչուկ, Սկրեչիու, Ստևանովիչ, Ռուս, Վեբստեր
- Կիսապաշտպաններ. Կրեցու, Անզոր, Բելուցե, Բանկու, Մորա, Ռեդուլեսկու, Տավարեշ, Չիկիլդեու, Տելես, Մատեյ, Մունտյան
- Հարձակվողներ. Նսիմբա, Ալ-Համլավի, Բայարամ, Էթիմ, Էլիսոր, Բեսչանու
«Արարատ-Արմենիայի» հետ հանդիպումից առաջ Ռումինիայի գործող չեմպիոնը հերթական հանդիպումն է անցկացրել տեղի Սուպերլիգայի 5-րդ տուրում՝ արտագնա խաղում 1:1 հաշվով ավարտելով մրցավեճը «Օցելուլ Գալացիի» հետ։
Հատկանշական է, որ այդ խաղում «Ունիվերսիտատյան» ավելի քան մեկ խաղակես հանդես է եկել տասը հոգով՝ Ալեքս Կրեցուի հեռացման պատճառով։ Չնայած թվային անհավասարությանը՝ կրայովացիները կարողացել են բովանդակալից ֆուտբոլ ցուցադրել և ընդմիջումից անմիջապես հետո բացել հաշիվը, սակայն հանդիպման վերջնամասում դաշտի տերերը հեռահար հարվածով վերականգնել են հավասարությունը։
Ռումինական աղբյուրները չեն մոռացել հիշեցնել, որ «Արարատ-Արմենիան» ռումինական ֆուտբոլի հետ բախվելու թարմ փորձ ունի։ Նախորդ մրցաշրջանում՝ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում, երևանյան թիմի մրցակիցը «Կլուժն» էր։ Երևանում գրանցված գոլազուրկ ոչ-ոքիից հետո, «Արարատ-Արմենիան» Սիբիու քաղաքում կայացած պատասխան խաղի լրացուցիչ ժամանակում 2:1 հաշվով տպավորիչ հաղթանակ կորզեց և անցավ հաջորդ փուլ, որտեղ զիջեց Պրահայի «Սպարտային» (1:4, 1:2)։
Արդյո՞ք հայկական ակումբին կհաջողվի կրկնել ռումինական հողում գրանցած նախորդ հաջողությունն ու պատմական քայլ կատարել դեպի Եվրոպա լիգա. կպարզվի արդեն առաջիկա հինգշաբթի։




























































