Ռուսաստանի Պրեմիեր լիգան իր տելեգրամյան պաշտոնական ալիքում անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի նորամուտի գոլին «Ալ-Ահլիի» կազմում:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հայաստանի ընտրանու ավագը Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի առաջին տուրում կայացած «Ալ Դիրիայի» դեմ խաղում դուրս էր եկել մեկնարկային կազմում և արդեն 25-րդ րոպեին գրավել մրցակցի դարպասը:
«Էդուարդ Սպերցյանին ընդամենը 25 րոպե պահանջվեց «Ալ-Ահլիի» կազմում պաշտոնական խաղում նորամուտի գոլի հեղինակ դառնալու համար։ Շարունակիր նույն ոգով, Էդո»,- նշված է ՌՊԼ-ի գրառման մեջ։
Հիշեցնենք, որ Սպերցյանը «Կրասնոդարի» ակադեմիայի սան է, որի գլխավոր թիմում հանդես էր գալիս 2021 թվականից։ Ռուսական ակումբի կազմում անցկացրած 185 հանդիպումներում հայ ֆուտբոլիստն աչքի է ընկել տպավորիչ արդյունավետությամբ՝ դառնալով 58 գոլի և 50 գոլային փոխանցման հեղինակ։
Կիսապաշտպանի գործող պայմանագիրը սաուդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառ։ Transfermarkt հեղինակավոր պորտալի գնահատմամբ՝ Սպերցյանի տրանսֆերային շուկայական արժեքը կազմում է 25 միլիոն եվրո։
























































