Football Meets Data վիճակագրական պորտալը նոր մանրամասներ է ներկայացրել Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի մասնակիցների ակնկալվող ֆինանսական եկամուտների վերաբերյալ: Ինչպես հայտնի է, Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» այս փուլում զիջել էր սլովենական «Ցելյեին» և լքել պայքարը գլխավոր եվրագավաթում:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ՉԼ-ի որակավորման փլեյ-օֆֆ փուլ դուրս եկած յուրաքանչյուր թիմ իր համար ապահովել է առնվազն 8,9 միլիոն եվրոյի շահույթ նույնիսկ մինչև փլեյ-օֆֆի հանդիպումներն անցկացնելը: Բանն այն է, որ ՉԼ-ի փլեյ-օֆֆ հասած թիմերը, անգամ այնտեղ պարտվելու դեպքում, ավտոմատ կերպով հայտնվում են Եվրոպա լիգայի հիմնական՝ լիգայի փուլում: Այդ գումարը գոյանում է ՉԼ-ի փլեյ-օֆֆի մասնակցության բոնուսից (4,29 մլն), Եվրոպա լիգայի խաղարկության լիգայի փուլի մեկնարկային վճարից (4,31 մլն) և հեռուստատեսային ու վարկանիշային հավելավճարներից, որը տատանվում է 0,3-ից մինչև 9,8 միլիոն եվրոյի սահմաններում՝ կախված ակումբից: Իսկ այն թիմերը, որոնք կհաղթեն փլեյ-օֆֆում և դուրս կգան ՉԼ-ի լիգայի փուլ, միայն որպես մեկնարկային վճար կստանան 18,62 միլիոն եվրո:
Ըստ պորտալի հաշվարկների՝ «Արարատ-Արմենիային» պայքարից դուրս թողնելու և ՉԼ-ի փլեյ-օֆֆ դուրս գալու շնորհիվ «Ցելյեն» արդեն իսկ ապահովել է նվազագույնը 11,5 միլիոն եվրոյի եկամուտ (վատագույն սցենարի դեպքում): Եթե որակավորման երրորդ փուլի արգելքը հաղթահարեր հայկական ակումբը, ապա իր հերթին կերաշխավորեր առնվազն 9 միլիոն եվրո գումար:
Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիան» եվրագավաթներում պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆում, որտեղ մրցելու է ԿուՊՍ (Ֆինլանդիա) – «Ունիվերսիտատյա Կրայովա» (Ռումինիա) զույգի հաղթողի հետ:
























































