Պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդու Սիլվան նշել է իր նորամուտը Մադրիդի «Ռեալի» կազմում՝ մասնակցելով Բուդապեշտի «Ֆերենցվարոշ» ստադիոնում կայացած նախամրցաշրջանային ստուգողական հանդիպմանը։
Կիսապաշտպանը դաշտ է դուրս եկել ընդմիջումից հետո և խաղացել 48 րոպե։ Խաղից հետո Սիլվան կիսվել է տպավորություններով Realmadrid TV-ի հետ զրույցում:
«Շատ երջանիկ եմ: Այս հանդիպումը չափազանց կարևոր է մրցաշրջանին նախապատրաստվելու համար, իսկ անձամբ ինձ համար մեծ ուրախություն է «Ռեալում» նորամուտս նշելը:
Սա դեռ միայն առաջին շաբաթն է, բայց ես շատ գոհ եմ: Դեռ շատ բաներ կան բարելավելու, սակայն ամենակարևորը խաղային ռիթմ ձեռք բերելն է, որպեսզի մրցաշրջանը լավ սկսենք, և մենք հենց դրա վրա էլ աշխատում ենք:
Փորձում եմ տալ այն, ինչ տվյալ պահին անհրաժեշտ է թիմին։ Երբեմն դա գրոհների կազմակերպմանն ավելի շատ մասնակցելն է, երբեմն՝ առաջ քաշվելն ու պրեսինգի կամ եզրափակիչ գոտում գործողությունների մեջ ներգրավվելը: Ես այնպիսի ֆուտբոլիստ եմ, որը փորձում է օգտակար լինել դաշտի տարբեր հատվածներում և պատրաստ եմ օգնել «Ռեալին» այն ամենով, ինչով կպահանջվի:
Բարդ շաբաթ էր, բայց շատ ուրախ եմ, որ այն արդեն սկսվել է: Փորձում եմ ավելի լավ ճանաչել թիմակիցներիս, քանի որ չափազանց կարևոր է հասկանալ նրանցից յուրաքանչյուրի բնութագիրը՝ իմանալու համար, թե ինչ են նրանք նախընտրում խաղերի և մարզումների ժամանակ։ Առաջիկա շաբաթների ընթացքում հիմնական ուշադրությունս դարձնելու եմ հենց դրան՝ հնարավորինս լավ նախապատրաստվելով, որպեսզի հաջող մեկնարկենք մրցաշրջանում»,- պորտուգալացի ֆուտբոլիստի խոսքն է մեջբերում «Ռեալի» պաշտոնական կայքը։
Հավելենք, որ «Ռեալն» իր հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի օգոստոսի 12-ին՝ մրցելով «Դեպորտիվոյի» հետ։

























































