Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Realmadrid TV-ի հետ զրույցում ամփոփել է թիմի երկրորդ նախամրցաշրջանային ստուգողական հանդիպումը, որում մադրիդցիները 2-1 հաշվով առավելության են հասել «Ֆերենցվարոշի» նկատմամբ:
«Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Ֆերենցվարոշին» այս շատ լավ մարզման համար: Նրանք արդեն հինգ հանդիպում են անցկացրել Եվրոպա լիգայում, ևս մի քանիսը՝ իրենց առաջնությունում, և երևում է, որ խաղային բարձր ինտենսիվություն ունեն: Առաջին խաղակեսն ինձ ավելի շատ դուր եկավ, քան երկրորդը: Դա ինձ չի զարմացնում. առաջին կեսում խաղում էր այն կազմը, որի հետ մենք արդեն աշխատել ենք, և որն արդեն մի քանի հանդիպում անցկացրել է, ուստի խաղադաշտում ֆուտբոլիստների միջև կապն ավելի ամուր էր: Մենք շատ լավ էինք վերահսկում խաղը:
Երկրորդ խաղակեսում դաշտ դուրս եկան Վինի Ջունիորն ու Բերնարդուն՝ խաղացողներ, որոնք դեռ խաղային պրակտիկա չունեն և ընդամենը մի քանի օր են մարզվել: Մենք փոխեցինք նաև Էնդրիկի դիրքը և փոքր-ինչ կորցրինք խաղի կազմակերպվածությունը, բայց ամեն ինչ կատարյալ անելուց ավելի կարևոր է թույլ տալ սխալներ, որոնք թույլ կտան ինձ մտորել, վերլուծել և միշտ կատարելագործել թիմին:
Շատ պարզ օրինակ. եթե առաջնության խաղի 47-րդ րոպեին հաղթում ես 2-1 հաշվով, դու ուղղահայաց փոխանցում չես կատարում, գնդակ չես կորցնում և խաղն էլ չես ավարտում վտանգավոր տուգանայինով, ինչպես եղավ: 47-րդ րոպեին պետք է հստակ իմանաս՝ ինչ ես անում։ Այս խաղերում կուտակվող նմանատիպ մանր սխալներն ինձ համար շատ օգտակար են:
Ամենակարևորը Վինիսիուսի պայմանագրի երկարաձգումն է։ Դա ուրախություն է և՛ իր, և՛ բոլորիս համար: Նա և Բերնարդու Սիլվան ընդամենը մի քանի մարզում են անցկացրել: Մյուսներն ավելի շատ են աշխատել և խաղադաշտ են դուրս գալիս՝ արդեն իսկ զգալով կատարած աշխատանքի հոգնածությունը: Ես չէի սպասում, որ Վինին այսօր 50 մետրից կվերցնի գնդակն ու գոլ կխփի. սա գործընթաց է: Համոզված եմ, որ հաջորդ չորեքշաբթի նա ավելի լավը կլինի, իսկ հաջորդ կիրակի Գերմանիայում՝ էլ ավելի լավը:
Բերնարդու Սիլվան շատ կարևոր խաղացող է, բայց խեղճ տղան նույնպես նոր է վերադարձել արձակուրդից: Նա այն տիպի մարդկանցից է, ում հոգեբանորեն օգնում է արձակուրդին «ոչինչ չանելը», ուստի նա վերադարձել է ֆիզիկական շատ ավելի ցածր մակարդակով և պետք է բարելավի իր մարզավիճակը: Բայց նա ֆանտաստիկ ֆուտբոլիստ է. եթե նա խաղում է ավելի խորքից, ապա ապահովում է գնդակի դուրսբերումը պաշտպանությունից: Եթե խաղում է «6» կամ «8» համարի դիրքում, հիանալի գրոհներ է զարգացնում:
Խաղի ընթացքում հասկացա, որ նրան մի փոքր չի հերիքում ֆիզիկական ուժը, ուստի բարձրացրի նրան «10» համարի դիրք՝ դաշտ դուրս բերելով Սեստերոյին, որպեսզի կիսապաշտպանության խորքում ավելի շատ կայունություն ստանանք: Բերնարդուն իրեն շատ հարմարավետ է զգում նաև «10» համարի դիրքում:
Նա ֆուտբոլիստ է, ով կարող է խաղալ 3-4 դիրքերում: Մարզչի և այն կազմի համար, որը մենք ուզում ենք փոքր պահել, մեզ հենց Բերնարդուի պես խաղացողներ են պետք, ովքեր կարող են հարմարվել տարբեր դիրքերի»,- պորտուգալացի մասնագետի խոսքն է մեջբերում «արքայական» ակումբի պաշտոնական կայքը։
Հավելենք, որ «Ռեալն» իր հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի օգոստոսի 12-ին՝ մրցելով «Դեպորտիվոյի» հետ։
























































