Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն նոր կանոններ է սահմանել «արքայական» ակումբում։
Ինչպես հաղորդում է AS պարբերականը, պորտուգալացի մասնագետը խստացրել է վերահսկողությունը խաղացողների առօրյայի նկատմամբ։ Մասնավորապես, այժմ նախաճաշի և սննդի ընդունման մյուս ժամերի ճաշացանկն ամբողջությամբ որոշում է սննդաբանը, մինչդեռ նախկինում ֆուտբոլիստներն ավելի շատ ազատություն ունեին սննդի ընտրության հարցում։ Բացի այդ, Մոուրինյուն պարտադիր է դարձրել թիմի և մարզչական շտաբի համատեղ ճաշերը։
Փոխվել են նաև կարգապահական պահանջները։ Մադրիդյան թիմի խաղացողները պարտավոր են մարզաբազա ժամանել մարզումների մեկնարկից մեկ ժամ առաջ։ Ուշացողներին սպասվում է անհատական աշխատանք մարզասրահում՝ թիմից առանձին։ Ընդ որում, ֆինանսական տուգանքներ չեն կիրառվի։ Այս կանոնը տարածվում է բոլոր ֆուտբոլիստների վրա՝ անկախ նրանց կարգավիճակից ու թիմում ունեցած դերից։
Մոուրինյուն նաև խստացրել է վնասվածքներից հետո վերականգնման գործընթացի վերահսկողությունը։ Վնասվածք ունեցող խաղացողները պետք է առավոտյան և երեկոյան վերականգնողական կուրս անցնեն ակումբի մարզաբազայում, իսկ դրանից դուրս բուժում ստանալ չի թույլատրվում։ Աղբյուրի տեղեկություններով՝ նոր պահանջները թիմի ներսում դժգոհությունների առիթ չեն դարձել։
























































