Մադրիդի «Ռեալի» արգենտինացի կիսապաշտպան Ֆրանկո Մաստանտուոնոն կարիերան կշարունակի Իտալիայի առաջնությունում։
«Ֆիորենտինան» պաշտոնական կայքում հայտարարել է արգենտինացու՝ վարձակալական հիմունքներով տեղափոխության մասին։ Ֆլորենցիական ակումբի հայտարարության մեջ վարձակալության ժամկետը չի հստակեցվում։ Սակայն ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ ֆուտբոլիստը իտալական ակումբում կանցկացնի մեկ մրցաշրջան։ Ընդ որում, նշվում էր, որ «մանուշակագույնները» հնարավորություն կունենան երկարաձգել վարձակալության ժամկետը ևս մեկ տարով։
Նշենք, որ Մաստանտուոնոն «Ռիվեր Փլեյթի» սան է։ Նա մադրիդյան ակումբ է տեղափոխվել 2025 թվականի ամռանը։ Նախորդ մրցաշրջանում արգենտինացին «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 35 հանդիպում և դարձել 3 գոլի հեղինակ։























































