«Բարսելոնայի» և «Ռեալի» նախկին հարձակվող Լուիշ Ֆիգուն հայտարարել է, որ Ջանի Ինֆանտինոն պետք է լքի ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնը։
Ավելի վաղ ՖԻՖԱ-ն հայտնել էր նոր առևտրային կառույցում իր բաժնեմասը մասնավոր ներդրողներին վաճառելու և դրա միջոցով 4,2 մլրդ դոլար ներգրավելու մտադրության մասին։ Այս նախաձեռնությունը կոշտ քննադատության արժանացավ ֆուտբոլային կազմակերպությունների կողմից, ինչից հետո ՖԻՖԱ-ն ստիպված եղավ հրաժարվել նախագծի իրագործումից։ Ըստ The Times-ի տեղեկությունների՝ Ինֆանտինոն ակնկալում էր տարեկան մոտ 30 միլիոն եվրո վաստակել մրցաշարերի, այդ թվում՝ աշխարհի առաջնությունների հեռարձակման իրավունքների վաճառքի այս նախագծից։
«Ինֆանտինոն նվաստացրել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնը, որը խոստացել էր բարձրացնել։ Նա ստել է, խաբել և փորձել սեփական գրպանները լցնել այն խաղի հաշվին, որին պետք է ծառայի։ Ես ամբողջ կյանքում սիրել եմ ֆուտբոլը, 20 տարի եղել եմ պրոֆեսիոնալ խաղացող։ Եվ հավատացեք, իմ կարիերայի ընթացքում բավականաչափ սրիկաների եմ հանդիպել։
Բայց այն, ինչ ի ցույց դրվեց վերջին տասը օրերի ընթացքում, իմ տեսած ամենաստոր, ամենակեղծ ու վախկոտ-շահադիտական վարքագիծն է։ Մարդը, որն ունակ է նման բանի, ով փորձում էր այսքան լուրջ փոփոխություններ առաջ մղել միայն սեփական ու իր ընկերների հարստացման համար, խաղի անցյալի մնացուկն է, և նրան տեղ չպետք է լինի ֆուտբոլի ապագայում»,- գրել է Ֆիգուն Daily Mail-ի իր հեղինակային սյունակում։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Telegraph-ը, ՈւԵՖԱ-ն անվստահություն կհայտնի Ինֆանտինոյին, եթե նա կամավոր չլքի ՖԻՖԱ-ի ղեկավարի պաշտոնը։ Բացի այդ, ըստ The Guardian-ի, ԿՈՆԿԱԿԱՖ-ի անդամ մի շարք երկրներ այժմ դիտարկում են 56-ամյա ֆունկցիոների վերընտրմանն աջակցող իրենց նամակները հետ կանչելու հնարավորությունը։


























































