Այսօր՝ օգոստոսի 1-ին, Երևանում կայացավ HYPE FC Armenia մարտարվեստների մրցաշարը։ Երեկոյի գլխավոր իրադարձությունը UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար, պրոմոուշենի չեմպիոն Արման Ծառուկյանի և հնդիկ հայտնի աթլետ ու ֆիթնես-բլոգեր Անկիտ Բայանպուրիայի միջև սպասված դիմակայությունն էր։
Մենամարտն անցկացվում էր գրեփլինգի՝ Submission Only («Միայն հանձնվելով») բացառիկ կանոններով, որտեղ արգելված են ցանկացած տեսակի հարվածներ։ Այս խիստ ձևաչափում բացակայում են մրցավարական գնահատականներն ու միավորները․ հաղթանակը հնարավոր էր նվաճել միայն խեղդող կամ ցավեցնող հնարքների միջոցով՝ ստիպելով մրցակցին հանձնվել։ Նժարին դրված էր Արման Ծառուկյանի՝ Hype FC-ի չեմպիոնական գոտին։
Հայ մարտիկն օկտագոնում մրցակցին փրկվելու ոչ մի շանս չտվեց և ժամկետից շուտ ավարտեց գլխավոր մենամարտը։ Արման Ծառուկյանին պահանջվեց ընդամենը 2 րոպե 30 վայրկյան՝ թևի վրա ցավեցնող հնարք կիրառելու համար, ինչից հետո հնդիկ մարզիկը ստիպված եղավ անմիջապես հանձնվել։
Այսպիսով, Արման Ծառուկյանը վստահ և տպավորիչ հաղթանակ տոնեց հայրենիքում՝ հաջողությամբ պաշտպանելով իր չեմպիոնական տիտղոսը։


























































