«Բարսելոնայի» նախկին պաշտպան Դանի Ալվեսը պատմել է, թե ինչ է իրեն սովորեցրել թիմի նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կատալոնական ակումբում համատեղ աշխատանքի տարիներին։
«Մի դրվագ պատմեմ։ Սովորաբար, եթե ֆուտբոլիստները խաղում են կիրակի օրը, երկուշաբթի չեն մարզվում։ Նրանք հանգստանում են, գնում են մերսման և վերականգնողական պրոցեդուրաներ են անցնում։ Իսկ ես մարզվում էի, քանի որ ինձ համար դա հենց հանգիստ էր։
Պեպն ասում էր. «Այս տղան մի փոքր խելագար է», բայց ընդունում էր դա։ Ես պատասխանում էի. «Կիրակի օրը ես գործնականում ոչինչ չեմ արել, նշանակում է՝ երկուշաբթի պետք է գոնե ինչ-որ բան անեմ»։ Եվ ես մարզվում էի նրանց հետ, ովքեր չէին խաղացել։
Պեպը մեզ սովորեցնում էր, որ քո աշխատանքի բաժինը բավարար է, քո խնդիրը բավարար է։ Մի՛ փորձիր կատարել ուրիշի աշխատանքը»,- Ալվեսի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ բրազիլացին «կապտանռնագույնների» գույները պաշտպանել է 2008-ից 2016 թվականներին, ինչպես նաև վերադարձել է թիմ 2021 թվականի նոյեմբերից մինչև 2022-ի հունիս ընկած ժամանակահատվածում։ Խոսեպ Գվարդիոլան կատալոնական գրանդը գլխավորել է 2008-ից 2012 թվականներին՝ ակումբի ղեկին նվաճելով 14 տիտղոս։


























































