Մադրիդի «Ատլետիկոն» պաշտոնապես հայտարարել է ՊՍԺ-ի և Հարավային Կորեայի հավաքականի կիսապաշտպան Լի Կան Ինի տեղափոխության մասին։
25-ամյա ֆուտբոլիստի հետ կնքվել է երկարաժամկետ պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2031 թվականի հունիսի 30-ը։
Իսպանական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ տրանսֆերի արժեքը կազմել է 35 միլիոն եվրո, ևս 5 միլիոն եվրո փարիզյան ակումբը կարող է ստանալ որպես բոնուս։ Հատկանշական է, որ հեղինակավոր Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատում է 28 միլիոն եվրո։
Լի Կան Ինը ՊՍԺ-ի գույները պաշտպանում էր 2023 թվականի ամառվանից։ Փարիզյան թիմի կազմում նա հասցրել է անցկացնել 124 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 16 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆրանսիայում անցկացրած տարիների ընթացքում նա գրանցել է տպավորիչ տիտղոսային շարք.
- Չեմպիոնների լիգայի գավաթակիր (2 անգամ)
- Ֆրանսիայի չեմպիոն (3 անգամ)
- Ֆրանսիայի գավաթակիր (2 անգամ)
- Ֆրանսիայի Սուպերգավաթակիր (2 անգամ)
- ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթակիր
- ՖԻՖԱ-ի Միջմայրցամաքային գավաթակիր
Կորեացի կիսապաշտպանի համար իսպանական ֆուտբոլը խորթ չէ։ Նա «Վալենսիայի» սան է, որի գլխավոր թիմում հանդես գալուց հետո տեղափոխվել էր «Մալյորկա»՝ հենց այնտեղից էլ համալրելով ՊՍԺ-ի շարքերը։
Ազգային հավաքականի կազմում Լի Կան Ինն անցկացրել է ընդհանուր առմամբ 50 հանդիպում և դարձել 11 գոլի հեղինակ։ Նա մասնակցել է նաև ԱԱ-2026-ին՝ անցկացնելով խմբային փուլի բոլոր երեք հանդիպումներն ու դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ։


























































