ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում շարունակվող ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնությունում ավարտվեցին 1/8 եզրափակիչի հանդիպումները: Արդեն հայտնի են այն 8 ազգային հավաքականները, որոնք կշարունակեն պայքարը Մունդիալի քառորդ եզրափակիչում:
Հաջորդ փուլի ուղեգիր են նվաճել Ֆրանսիայի, Մարոկկոյի, Նորվեգիայի, Անգլիայի, Իսպանիայի, Բելգիայի, Արգենտինայի և Շվեյցարիայի հավաքականները: Ընդ որում՝ աշխարհի գործող չեմպիոն Արգենտինան շարունակում է տիտղոսի պաշտպանությունը։
1/8 եզրափակիչում գրանցվեցին մի շարք ուշագրավ արդյունքներ: Ֆրանսիան նվազագույն հաշվով հաղթեց Պարագվային (1:0), Մարոկկոն ջախջախեց Կանադային (3:0), Նորվեգիան իսկական անակնկալ մատուցեց՝ պայքարից դուրս թողնելով Բրազիլիային (2:1), իսկ Անգլիան գոլառատ խաղում առավելության հասավ Մեքսիկայի նկատմամբ (3:2): Իսպանիան ուղեգրի համար պայքարում հաղթեց Պորտուգալիային (1:0), Բելգիան խոշոր հաշվով առավելության հասավ ԱՄՆ-ի նկատմամբ (4:1), Արգենտինան կամային հաղթանակ տարավ Եգիպտոսի նկատմամբ (3:2): Քառորդ եզրափակիչի վերջին մասնակիցը դարձավ Շվեյցարիան, որը Կոլումբիայի արգելքը հաղթահարեց միայն հետխաղյա 11-մետրանոցներով (0:0, 11մ՝ 4:3):
ԱԱ-2026-ի 1/4 եզրափակիչի խաղացանկը (Երևանի ժամանակով).
10 հուլիսի
00:00. Ֆրանսիա — Մարոկկո (Բոսթոն)
23:00. Բելգիա — Իսպանիա (Լոս Անջելես)
12 հուլիսի
01:00. Անգլիա — Նորվեգիա (Մայամի)
05:00. Արգենտինա — Շվեյցարիա (Կանզաս Սիթի)
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունն անցկացվում է հունիսի 11-ից հուլիսի 19-ը: Սա պատմության մեջ առաջին Մունդիալն է, որի եզրափակիչ փուլին մասնակցում են 48 ազգային հավաքականներ:
























































