Փոփոխություն է տեղի ունեցել Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի «Արարատ-Արմենիա» — «Ռիգա» (Լատվիա) դիմակայության տնային խաղի անցկացման վայրում:
Ինչպես տեղեկացնում է հայկական ակումբի մամուլի ծառայությունը, հուլիսի 7-ին կայանալիք հանդիպումը տեղի կունենա Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում: Խաղի սկիզբը նախատեսված է ժամը 20:00-ին:
Նշվում է, որ մարզադաշտի ընտրությունը պայմանավորված է Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում իրականացվող բարեկարգման աշխատանքներով: Եվրագավաթային մրցաշրջանի հաջորդ հանդիպումից սկսած երևանյան թիմն իր տնային խաղերը կրկին կանցկացնի «Հանրապետական» մարզադաշտում:
Հիշեցնենք, որ լատվիական ակումբի արգելքը հաղթահարելու դեպքում որակավորման երկրորդ փուլում «Արարատ-Արմենիան» որպես մրցակից կստանա «Ֆլորիանա» (Մալթա) — «Շեմրոկ Ռովերս» (Իռլանդիա) զույգի հաղթողին:
Իսկ որակավորման առաջին փուլը չհաղթահարելու դեպքում հայկական թիմը պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայում, որի որակավորման երկրորդ փուլում նրա մրցակիցը կլինի «Վարդար» (Հյուսիսային Մակեդոնիա) — «Կուոպս» (Ֆինլանդիա) զույգի պարտվողը: «Արարատ-Արմենիա» – «Ռիգա» դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 14-ին:




























































