Մադրիդի «Ատլետիկոյի» արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը խիստ դժգոհ է մնացել Մադրիդի «Ռեալի» հրապարակային այն հայտարարությունից, որով «արքայական» ակումբը տեղեկացրել էր իր տրանսֆերի համար 150 միլիոն եվրո առաջարկելու մասին։
Կողմերի միջև հարաբերություններն այժմ ամբողջությամբ խզված են։ Այս մասին հայտնում է իսպանական Sport.es պարբերականը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Ալվարեսը ցանկանում է առավելագույնս հեռու մնալ այս միջադեպից, որում ակամայից դարձել է գլխավոր հերոս։ Ֆուտբոլիստի շրջապատում վստահ են, որ «Ռեալը» նրա անունն ու հեղինակությունն օգտագործել է զուտ որպես «ընտրողների համար խայծ»՝ նպատակ ունենալով ազդել ակումբի ներքին գործընթացների վրա։
Ալվարեսն ու նրա ներկայացուցիչներն ստեղծված իրավիճակն արդեն հասցրել են քննարկել «Բարսելոնայի» ղեկավարության հետ։ «Կապտանռնագույնների» ճամբարում բոլորովին չեն անհանգստանում արգենտինացու՝ «Ռեալ» հնարավոր տեղափոխության համար, քանի որ քաջատեղյակ են իրենց թիմում խաղալու նրա մեծ ցանկության մասին։
Փոխարենը, կատալոնական ակումբում շատ ավելի մտահոգված են այն փաստով, որ աշխարհի չեմպիոնի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են ֆրանսիական ՊՍԺ-ն ու Լոնդոնի «Արսենալը»։























































