Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում հանդես են եկել բազմաթիվ լեգիոներներ, սակայն շատ քչերին է հաջողվել մեր առաջնությունը դարձնել ցատկահարթակ և իրենց կարիերան շարունակել ավելի ուժեղ ակումբներում կամ առաջնություններում:
Այսօր մենք կհիշենք մի քանի լեգիոներների, ովքեր վերջին տարիներին հանդես են եկել մեր ակումբներում և որոնց կարիերան կարող ենք համարել հաջողված` Հայաստանում խաղալուց հետո:
Մենք կնշենք միայն այն ֆուտբոլիստներին, ովքեր ներկայումս շարունակում են իրենց ելույթները մեծ ֆուտբոլում:
Կլաուդիո Տորրեխոն (Պերու)
Տորրեխոնը Հայաստանի առաջնությունում հանդես է եկել 2015-16 մրցաշրջանից, երկու ակումբներում՝ «Ուլիսում» և «Ուրարտուում»(նախկին «Բանանց»): Առաջինում նա անցկացրել է մեկ մրցաշրջան (11 խաղ)՝ , իսկ «Ուրարտուում»՝ 2 մրցաշրջան (23 խաղ): Կլաուդիոն հենակետային կիսապաշտպան է, եղել է Պերուի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ: Երևանյան ակումբից նա տեղափոխվեց Ուրուգվայի առաջնություն և մեկ մրցաշրջան հանդես եկավ «Ֆենիքսում»:

Ներկայումս 26 ամյա ֆուտբոլիստը հանդես է գալիս հայրենիքում՝ «Սպորտ Բոյս» ակումբում և հանդիսանում է հիմնական կազմի խաղացող:
Լեսթեր Պելտիեր (Տրինիդադ և Տոբագո)
Տրինիդադցի հարձակվող Լեսթեր Պելտիերը հայտնվեց Հայաստանի առաջնությունում 2016/17 մրցաշրջանում՝ «Ալաշկերտում»: Ֆուտբոլիստը աչքի էր ընկնում բավականին որակյալ խաղով, բայց ոչ արդյունավետությամբ՝ 18 խաղ, 2 գոլ: Սակայն ամեն ինչ փոխվեց, երբ 2017/18 մրցաշրջանում նա տեղափոխվեց «Ուրարտու», որտեղ նա 13 խաղում խփեց 6 գոլ:

2018 թ. Լեսթերը տեղափոխվեց ավելի տաք երկիր՝ Սաուդյան Արաբիա, որտեղ մեկ ու կես մրցաշրջան անցկացրեց տեղի ուժով երկրորդ լիգայում: Այդ ընթացքում նա դարձել է երկու տասնյակից ավել գոլերի հեղինակ և լավագույն ֆուտբոլիստներից մեկն էր լիգայում: Այս մրցաշրջանից Լեսթերը հանդես կգա Բահրեյնի առաջնության «Ալ Հալա» ակումբում:
Լեսթեր Պելտիերը ներկայացնում է Տրինիդադ և Տոբագոյի ազգային հավաքականը, որտեղ նա անցկացրել է 36 խաղ և խփել 6 գոլ:
Լուբամբո Մուսոնդա (Զամբիա)
Վերջին տարիներին Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկած լավագույն լեգիոներներից մեկն է Լուբամբո Մուսոնդան: Զամբիայի հավաքականի 24-ամյա կիսապաշտպանը Եվրոպայում իր կարիերան սկսեց Երևանի «Ուլիսում»՝ 2014/15 մրցաշրջանում: Մեկ տար անց նա տեղափոխվեց «Գանձասար», որտեղ անցկացրեց 4 տարի՝ դառնալով թիմի առաջատար խաղացողներից մեկը: Ընհանուր առմամբ, «Գանձասարի» կազմում նա անցակցրել է 97 հանդիպում՝ դառնալով 18 գոլի հեղինակ:

Այս տարվա սկզբին Զամբիայի ընտրանու ֆուտբոլիստը տեղափոխվել է լեհական Պրեմիեր լիգայում հանդես եկող «Շլյոնսկ Վրոցլավ»: «Նա արագավազ է և բավականին լավ է տիրում գնդակին: Նա առաջխաղացում գրանցող ֆուտբոլիստ է»,- «Շլյոնսկ Վրոցլավի» մարզական տնօրեն Դարիուշ Շտիլկայի խոսքն է մեջբերում Football.pl-ը:
Լուբամբոն շատ հեռանկարային ֆուտբոլիստ է և չի բացառվում, որ շուտով մենք կտեսնենք նրան, օրինակ, Բունդեսլիգայում կամ Ա Սերիայում:
Դամե Դիոպ (Սենեգալ)
Ժամանակին, սենեգալցի կիսապաշտպան Դամե Դիոպը համարվում էր աֆրիկյան երկրի ամենահեռանկարային ֆուտբոլիստներից մեկը: Հայտնվելով մոսկովյան «Խիմկիում»՝ նա չկարողացավ դրսևորել իր պոտենցիալը և 2012 թ. տեղափոխվեց Գյումրի: «Շիրակի» կազմում նա անցկացրեց երկու մրցաշրջան՝ 37 խաղում դառնալով 13 գոլի հեղինակ: Նրա խաղը չվրիպեց եվրոպական ակումբների ուշադրությունից, և 2014 թ. նա տեղափոխվեց Չեխիա՝ Պրահայի «Սլավիա»: Սակայն դա անհաջող փորձ էր. 6 խաղ և 1 գոլ 1,5 տարվա ընթացքում: Զարմանալի չէր, որ հետևեց նրա տրանսֆերը չեխական մեկ այլ ակումբ՝ «Ժլին»: Այս անգամ Դիոպը չվրիպեց թիմի առումով: Կարճ ժամանակահատվածում նա դարձավ թիմի առաջատարներից մեկը և օգնեց Ֆաստավի ակումբին հասնել Եվրոպա լիգայի խմբային փուլ:

Վերջին 3 մրցաշրջանները սենեգալցին անցկացնում է Օստրավայի «Բանիկում», որտեղ ևս հանդիսանում է թիմի առաջատարը: Ընթացիկ մրցաշրջանում նա 11 խաղում արդեն աչքի է ընկել 3 գոլով:
Հեբեր (Բրազիլիա)
Հեբեր Արաուժո Դոս Սանթոս – երևի թե վերջին տասնամյակում Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկած ամենաուժեղ լեգիոները:
2015/16 մրցաշրջանում «Ալաշկերտում» վարձավճարով հանդես եկող բրազիլացին դարձավ Բարձրագույն խմբի առաջնության գլխավոր ռմբարկուն: Նրա արդյունավետությունը նկատեցին խորվաթական «Սլավենում» և արդեն հաջորդ մրցաշրջանը Հեբերը սկսեց բալկանյան խաղադաշտերում: 10 գոլ առաջին իսկ տարում և նրան ձեռք բերեց խորվաթական ուժեղագույն ակումբներից մեկը՝ «Ռիեկան»: 2017/18 մրցաշրջանում «Ալաշկերտի» նախկին ֆուտբոլիստը, խփած 16 գնդակներով, դարձավ առաջնության երկրորդ ամենաարդյունավետ ֆուտբոլիստը:

Այս տարվա մարտին Հեբերը ընտրեց կարիերան շարունակելու հետաքրքիր տարբերակ՝ ՄԼՍ, պայմանագիր ստորագրելով «Նյու Յորք Սիթիի» հետ: Փաստացիորեն նրան ձեռք բերեցին որպես թիմից հեռացած Դավիդ Վիլյային փոխարինող: Հյուսիսամերիկյան լիգայում նա ևս շարունակեց «ռմբակոծել» մրցակիցների դարպասները: 22 խաղ, 15 գոլ… Հիանալի ցուցանիշ: Նրա գոլերից մեկը հավակնում է դառնալ լավագույնը ՄԼՍ-ում, իսկ ինքը՝ ֆուտբոլիստը, չնայած որ չհայտնվեց տարվա լավագույն ֆուտբոլիստների եռյակում, միևնույնն է, լավագույն ֆուտբոլիստներից մեկն է լիգայում:
Վարուժան Բաբայան