«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է նոր մրցաշրջանին և լուրջ փոփոխություններ է իրականացնում կազմում:
Ակումբի մամուլի ծառայությունը պաշտոնապես հայտարարել է, որ պայմանագրերի ժամկետների ավարտի պատճառով թիմը լքում են վինգեր Ջեյդոն Սանչոն, կենտրոնական կիսապաշտպան Կազեմիրոն և ձախ պաշտպան Թայրել Մալասիան: Ֆուտբոլիստները հեռանում են ազատ գործակալի կարգավիճակով:
«Բոլոր խաղացողներին շնորհակալություն ենք հայտնում ակումբում ներդրած ավանդի համար և հաջողություն մաղթում հետագա կարիերայում», — նշված է մանչեսթերյան ակումբի հայտարարության մեջ:
Հատկանշական է, որ նախորդ մրցաշրջանի արդյունքներով «Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի Պրեմիեր լիգայում զբաղեցրել էր 3-րդ հորիզոնականը, սակայն ղեկավարությունը որոշել է գնալ կազմի լուրջ թարմացման:
Այս երեք ֆուտբոլիստների տրանսֆերների վրա ժամանակին աստղաբաշխական գումարներ են ծախսվել, սակայն նրանց հեռացումը ձևակերպվեց բոլորովին անվճար.
Ջեյդոն Սանչոն ակումբ էր տեղափոխվել 2021 թվականին Դորտմունդի «Բորուսիայից»՝ 85 միլիոն եվրոյի դիմաց։ «Կարմիր սատանաների» կազմում անցկացրած 83 խաղում նա դարձել է ընդամենը 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Սանչոն այդպես էլ չկայացավ թիմում և վերջին մրցաշրջանները վարձավճարով անցկացրեց նույն «Բորուսիայում», ապա՝ «Չելսիում» և «Ասթոն Վիլայում»:
Բրազիլացի հենակետային Կազեմիրոյի համար 2022 թվականին Մադրիդի «Ռեալին» վճարվեց 70,7 միլիոն եվրո: Չորս մրցաշրջանում նա անցկացրեց 160 հանդիպում, խփեց 26 գոլ և կատարեց 14 ասիստ։ Կազեմիրոն առանցքային դեր խաղաց 2023 թվականի Լիգայի գավաթի նվաճման գործում, նույնիսկ գոլ խփեց «Նյուքասլի» դեմ եզրափակչում, և օգնեց թիմին հաղթել Անգլիայի գավաթը 2024 թվականին:
Նիդերլանդցի պաշտպան Թայրել Մալասիան տեղափոխվել էր ՊՍՎ-ից 15 միլիոն եվրոյով: Թիմի մարզաշապիկով դաշտ է դուրս եկել 50 անգամ, սակայն արդյունավետ գործողությամբ աչքի չի ընկել: Վերջին մրցաշրջանում նա սարսափելի վնասվածքների շարքի պատճառով գրեթե խաղադաշտ դուրս չեկավ, թեև ժամանակին եղել է Լիգայի գավաթի հաղթական հայտացուցակում։
Մինչ խաղացողները լքում են թիմը, ակումբի ղեկավարությունը վերահաստատել է իր վստահությունը մարզչական շտաբին. պաշտոնապես երկարաձգվել է համագործակցությունը գլխավոր մարզիչ Մայքլ Քարիկի հետ, ով շարունակելու է գլխավորել թիմի վերակառուցումը:
Մեկ այլ դրական նորություն էլ կապված է թիմի ավագ Բրունու Ֆերնանդեշի հետ. պորտուգալացի կիսապաշտպանը թարմացրել է ԱՊԼ-ի ռեկորդը՝ կատարած գոլային փոխանցումների քանակով՝ մնալով թիմի անփոխարինելի առաջատարը:




























































