Ֆլորենտինո Պերեսն, այնուամենայնիվ, մրցակից կունենա Մադրիդի «Ռեալի» նախագահական ընտրություններում։
Ինչպես հաղորդում է El Confidencial-ը, Cox Energy էներգետիկ ընկերության ղեկավար Էնրիկե Ռիկելմեն որոշել է առաջադրել իր թեկնածությունը՝ չնայած ակումբի ներկայիս ղեկավարության կողմից ստեղծված բազմաթիվ արհեստական խոչընդոտներին։
Գործարարը կարծում է, որ երկու անհաջող մրցաշրջաններից և հեղինակության ճգնաժամից հետո «Ռեալին» նոր այլընտրանք է անհրաժեշտ։ Թեև մտերիմները զգուշացրել են Ռիկելմեին հաղթելու ցածր շանսերի մասին, նա եկել է այն եզրակացության, որ պետք է մինչև վերջ պայքարի ակումբի ղեկավար պաշտոնի համար։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ձեռնարկատերն արդեն ֆինանսական երաշխիքներ է ստացել մի քանի բանկերից. նրան պարտավորվել են տրամադրել 194 միլիոն եվրո։ Նշենք, որ ինքը՝ Պերեսը, նման երաշխիք ներկայացնելու պարտավորություն չունի։
Նախընտրական շրջանում Ռիկելմեն կբախվի ևս մի շարք լուրջ սահմանափակումների, որոնց նպատակը, ինչպես պնդում են իսպանական լրատվամիջոցները, անայլընտրանք ընտրությունների անցկացումն ապահովելն է։ Մասնավորապես՝ թեկնածուն պետք է ակումբին տեղեկացնի ընտրարշավին մասնակցելու իր մտադրության մասին պաշտոնական վերջնաժամկետից երկու օր առաջ (մայիսի 21-ին, ոչ թե 23-ին):
Բացի այդ, Ռիկելմեն չի ստանա ակումբի անդամների ցուցակը, այսինքն՝ չի կարողանա ուղղակիորեն կապ հաստատել ընտրողների հետ, ինչպես նաև քարոզչական նյութերի առաքումն ու տարածումը կիրականացնի անձամբ «Ռեալը»։

























































