Ֆրանսիական ՊՍԺ-ն շարունակում է ակտիվություն ցուցաբերել տրանսֆերային շուկայում: Փարիզյան ակումբն այժմ բանակցություններ է վարում Մադրիդի «Ատլետիկոյի» արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսին ձեռք բերելու շուրջ և պատրաստ է նրա դիմաց վճարել ավելի քան 150 միլիոն եվրո։ Այս մասին հայտնում է El Chiringuito TV-ն։
Այս գործարքի հաջող իրականացման դեպքում այն կդառնա արժեքով երրորդն ամբողջ ֆուտբոլի պատմության մեջ։ Հատկանշական է, որ ֆուտբոլիստների համար ավելի մեծ գումար վճարվել է ընդամենը երկու անգամ՝ 180 միլիոն եվրո Կիլիան Մբապեի և 222 միլիոն եվրո Նեյմարի տեղափոխությունների ժամանակ։ Ընդ որում, երկու դեպքում էլ ռեկորդային գնումն իրականացրել է հենց ՊՍԺ-ն։
Ինչ վերաբերում է Ալվարեսի վիճակագրությանը, ապա ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 49 հանդիպման՝ դառնալով 20 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը արգենտինացու տրանսֆերային արժեքը գնահատում է 90 միլիոն եվրո։
Հավելենք նաև, որ հարձակվողի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են նաև կատալոնական «Բարսելոնան» ու Լոնդոնի «Արսենալը»։


























































