Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Ժոան Մարտինեսը հնարավոր է կարիերան շարունակի ֆրանսիական ՊՍԺ-ում: Փարիզյան գրանդի ռազմավարական հարցերով խորհրդական Լուիշ Կամպուշն արդեն հասցրել է հետաքրքրություն ցուցաբերել 18-ամյա ֆուտբոլիստի ձեռքբերման հարցում:
Ինչպես հայտնում է իսպանական Marca-ն, ՊՍԺ-ում առաջին ամիսը չէ, որ հետևում են մադրիդյան թիմի երիտասարդական կազմում՝ «Կաստիլիայում» հանդես եկող իսպանացուն: Փարիզյան ակումբի ղեկավարությունը կարծում է, որ նա իդեալապես կհամապատասխանի թիմի նոր զարգացման ռազմավարությանը, որի հիմքում ընկած է գերաստղերից հրաժարվելն ու շեշտը երիտասարդ տաղանդների վրա դնելը:
Այնուամենայնիվ, Մարտինեսին Ֆրանսիա տեղափոխելը բարդ խնդիր է լինելու: «Արքայական» ակումբը մեծ հույսեր է կապում երիտասարդ պաշտպանի հետ և մտադիր չէ վաճառել նրա տրանսֆերը:
Նշենք նաև, որ ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականը, իսկ պայմանագրում ամրագրված հրաժարագինը կազմում է տպավորիչ 150 միլիոն եվրո:
























































