Ավարտվեց Չեմպիոնների լիգայի 2025/2026 մրցաշրջանի քառորդ եզրափակչի «Ատլետիկո» — «Բարսելոնա» պատասխան հանդիպումը: Թեև կատալոնական թիմը դրամատիկ խաղում հաղթանակ տարավ 2:1 հաշվով, սակայն երկու խաղերի արդյունքում մրցաշարի կիսաեզրափակիչ դուրս եկան մադրիդցիները:
Հիշեցնենք, որ թիմերի միջև կայացած առաջին դիմակայությունում «Ատլետիկոն» առավելության էր հասել 2:0 հաշվով։
Մադրիդի «Սիվիտաս Մետրոպոլիտանո» մարզադաշտում կայացած հանդիպումն անցավ չափազանց լարված պայքարում: Արդեն 4-րդ րոպեին Լամին Յամալը բացեց խաղի հաշիվը՝ առաջ մղելով «կապտանռնագույններին»: 24-րդ րոպեին Ֆերան Տոռեսը կրկնապատկեց հյուրերի առավելությունը՝ հավասարեցնելով ընդհանուր դիմակայության հաշիվը: Սակայն 31-րդ րոպեին Ադեմոլա Լուքմանը կրճատեց հաշվի տարբերությունը՝ խփելով «Ատլետիկոյի» համար կիսաեզրափակչի ուղեգիր ապահովող և վճռորոշ դարձած գոլը:
Հանդիպման երկրորդ կեսում՝ 55-րդ րոպեին, Ֆերան Տոռեսը երրորդ գնդակն ուղարկեց մադրիդցիների դարպասը, սակայն ֆրանսիացի գլխավոր մրցավար Կլեման Տյուրպենը խաղից դուրս վիճակի պատճառով չեղարկեց այն: Խաղավարտին մոտ՝ 80-րդ րոպեին, «Բարսելոնան» մնաց տասը հոգով. կարմիր քարտ ստացավ և դաշտից հեռացվեց Էրիկ Գարսիան:
Նշենք, որ նախորդ փուլում «Բարսելոնան» վստահորեն պայքարից դուրս էր թողել անգլիական «Նյուքասլին» (ընդհանուր՝ 8:3 հաշվով), իսկ «Ատլետիկոն» հաղթահարել էր Լոնդոնի «Տոտենհեմի» արգելքը (7:5)։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ























































