Հայաստանի ազգային հավաքականի և սերբական «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը ծավալուն հարցազրույց է տվել Metaratings-ին՝ խոսելով Բելգրադ տեղափոխության, Դեյան Ստանկովիչի գլխավորությամբ խաղալու, երկրպագուների հետ տեղի ունեցած սկանդալային միջադեպի և կարիերայի հնարավոր զարգացումների մասին:
2025 թվականի ամռանը «Լոկոմոտիվից» «Ցրվենա Զվեզդա» տեղափոխված 26-ամյա ֆուտբոլիստը նշում է, որ սերբական գրանդի կազմում հանդես գալն իր համար լուրջ քայլ էր առաջ.
«Չարժե համեմատել «Լոկոմոտիվի» և «Ցրվենա Զվեզդայի» իրավիճակները։ Եթե վերցնենք այն ամբողջ ժամանակահատվածը, որն անցկացրել եմ մոսկովյան ակումբում, ապա այնտեղ ևս իմ խաղաժամանակն ավելի քան բավարար էր։ Բայց եվրագավաթներում խաղալը, այն էլ՝ մեկնարկային կազմում, ինձ համար մեծ երջանկություն է։ Ինձ դժվար է գնահատել իմ ֆուտբոլային աճը, բայց եթե դիտարկենք մենտալ բաղադրիչը, ապա, անխոս, այս մեկ տարվա ընթացքում ես մեծ առաջընթաց եմ գրանցել»։
Նշենք, որ Եվրոպայի լիգայի խաղարկությունում Թիկնիզյանի թիմը հասավ մինչև փլեյ-օֆֆ փուլ, որտեղ զիջեց ֆրանսիական «Լիլին» (1:0, 0:2)։ Սերբիայի ընթացիկ առաջնությունում պաշտպանն անցկացրել է 20 հանդիպում՝ դառնալով 4 գոլային փոխանցման հեղինակ։
Խոսելով թիմի գլխավոր մարզիչ Դեյան Ստանկովիչի (ով թիմը գլխավորել է Մոսկվայի «Սպարտակից» հեռանալուց հետո) հետ ունեցած հարաբերությունների մասին՝ Թիկնիզյանն ընդգծել է նրանց միջև առկա փոխըմբռնումը.
«Կարծում եմ՝ բանն առաջին հերթին մարզչի պահանջներն են, որոնք ամբողջությամբ համապատասխանում են իմ խաղաոճին։ Հենց դրանից էլ բխում է մեր այդքան լավ փոխըմբռնումը։ Որպես մարզիչ՝ նա շատ պահանջկոտ է թիմի ներսում։ Եթե կարճ նկարագրեմ նրա մեթոդները, ապա դա ագրեսիվ ու դինամիկ ֆուտբոլն է»։
Սերբիայի Գավաթի խաղարկության շրջանակում մարտի սկզբին «Նովի-Պազարի» դեմ կայացած արտագնա խաղում հայ ֆուտբոլիստը բախվել էր երկրպագուների ոչ ադեկվատ պահվածքին.
«Երբեք նման վարքագծի չէի հանդիպել։ Գնդակը դուրս էր եկել եզրային գծից, ես գնացի դրա հետևից ու գլխավերևումս լսեցի այն բնորոշ ձայնը, որը լինում է նախքան մարդու թքելը։ Մտքումս ասացի՝ «չէ, չի թքի»… Բայց մեկ վայրկյան անց թուքն արդեն մազերիս վրա էր, ավելի ստույգ՝ ծոծրակիս։ Իհարկե, այս իրավիճակն ինձ շատ բարկացրեց, և խփածս գոլից հետո ես համապատասխան ձևով տոնեցի այն»,- պատմել է Թիկնիզյանը, ում խփած գնդակն այդ խաղում հաղթանակ բերեց «Ցրվենա Զվեզդային» (2:0)։
Համեմատելով կենցաղը Մոսկվայում և Բելգրադում՝ Թիկնիզյանը նշել է, որ առօրյան մեծ փոփոխությունների չի ենթարկվել.
«Ինձ և կնոջս՝ Յանայի համար կենցաղը բացարձակապես չի փոխվել։ Մենք բավականին պարզ մարդիկ ենք և ժամանակի մեծ մասն անցկացնում ենք տանը։ Հիմա այստեղ երեքով ենք՝ ես, Յանան և մեր փոքրիկ որդին՝ Լեոնը, ուստի մեր ողջ ժամանակը տրամադրում ենք նրան։
Մոսկվան հսկայական մեգապոլիս է և, իմ կարծիքով, աշխարհի լավագույն քաղաքներից մեկը, բայց այնտեղ սարսափելի խցանումներ են, ու դու շատ ժամանակ ես վատնում տեղաշարժվելու վրա։ Բելգրադն այս առումով շատ ավելի պարզ է ու կոմպակտ. արագ տեղաշարժվում ես ու ժամանակ ես խնայում»։
Թեև ֆուտբոլիստի պայմանագիրը սերբական ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականը (3 տարով՝ կնքված 2025-ի հունիսին), նա չի բացառում իրադարձությունների տարբեր զարգացումներ.
«Իմ ուղին ֆուտբոլ խաղալն է։ Ինչ վերաբերում է Ռուսաստան վերադառնալուն, տեղին չէր լինի դա կտրականապես հերքել. ամեն ինչ կախված կլինի հանգամանքներից և նրանից, թե ինչպես կդասավորվի հաջորդ ամառը։ Նույնը վերաբերում է նաև Եվրոպա տեղափոխվելուն։ Ինձ համար առաջնահերթությունը եվրագավաթներում խաղալն է։ Բայց այսօր ես «Ցրվենա Զվեզդայի» ֆուտբոլիստ եմ, առջևում մրցաշրջանի վերջնահատվածն է, և իմ բոլոր մտքերը միայն դրա շուրջ են»։
























































