Լուի Թոմաս Բուֆոնը՝ 2006 թ. աշխարհի չեմպիոն դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի որդին, շարունակում է հոր դինաստիան՝ դրսևորելով իր տաղանդը, բայց արդեն որպես հարձակվող։
Այս տարի նա նշել է նորամուտը Իտալիայի Սերիա Ա-ում՝ «Պիզայի» կազմում, որը մարզում է Ալբերտո Ջիլարդինոն։
Դեկտեմբերին 18 տարեկանը լրացող ֆուտբոլիստը ունի իտալա-չեխական երկքաղաքացիություն (մայրը՝ Ալենա Սերեդովան, չեխ է)։ Նա ընտրել է հանդես գալ Չեխիայի մինչև 19 տարեկանների հավաքականում՝ մասամբ խուսափելու համար Իտալիայում ազգանվան հետ կապված ճնշումից։
Եվրոպայի առաջնության ընտրական փուլի՝ Ադրբեջանի դեմ (6:1) հաղթական խաղում Լուի Թոմաս Բուֆոնը մեկնարկային կազմում էր և գրանցեց տպավորիչ հեթ-թրիկ՝ ցուցադրելով իր գոլային ողջ արսենալը. 54-րդ րոպեին՝ ձախ ոտքով, 64-րդին՝ աջով, իսկ 93-րդին՝ գլխով:
Երիտասարդ ֆուտբոլիստն իր որոշման մասին ասել է.
«Խոսեցի ընտանիքիս հետ և որոշեցինք, որ Չեխիայում խաղալն օգտակար կլինի կարիերայիս համար: Մայրս ուրախ էր, բայց հայրս նույնպես խորհուրդ տվեց այդ ընտրությունը՝ որպես լավագույն տարբերակ զարգացման համար»։
Մինչև մեծահասակների հավաքականից հրավեր ստանալը նա կարող է վերանայել որոշումը, բայց առայժմ վայելում է «Պիզայի» մարզիչ Ջիլարդինոյի վստահությունը։
























































